Պահոց

Ծանուցում

11.06.2024

«ՕՇԻՆԴՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ
ՏՆՕՐԵՆ ՍՈՒՐԵՆ ՍԻՄՈՆԻ ԱՐԾՎՈՒՆՈՒՆ
(ք.Երևան, Խորենացու փողոց հ. 20 շենք, բն.2)

 

Հարգելի՛ պարոն Արծվունի,   
Երևանի քաղաքապետի և «Օշինդր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2007 թվականի հունիսի 27-ին կնքվել և սեղանամատյանում գրանցման թիվ 5484 համարով նոտարական վավերացման է ենթարկվել Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 124.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):
Երևանի քաղաքապետի և «Օշինդր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի ապրիլի 15-ին, Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 9-ի N 1030-Ա որոշման հիման վրա, կնքվել և սեղանամատյանում գրանցման թիվ 1273 համարով նոտարական վավերացման է ենթարկվել Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):
Պայմանագրից և Համաձայնագրից ծագող իրավունքները 2021 թվականի ապրիլի 22-ին ենթարկվել են պետական գրանցման, ինչը հավաստվում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22042021-01-0120 վկայականով:
Պայմանագրի 6.8-րդ կետով սահմանվել է, որ Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել Պայմանագրից, որի դեպքում Պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ Պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ Պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:
Պայմանագրի և Համաձայնագրի առարկա հանդիսացող 124.0քմ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2 հասցեի շինությանը կիպ հարևանությամբ, որպիսին ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի 96.2-րդ կետի համաձայն՝ «Մշակույթի տուն. Արական գիմնազիայի (Հայհամերգի փոքր դահլիճ) և թանգարանների շենքը» նկարագրով հանդիսանում է հանրապետական նշանակության անշարժ հուշարձան:
Պայմանագրի և Համաձայնագրի առարկա հանդիսացող հողամասը, տեղակայված լինելով հանրապետական նշանակության անշարժ հուշարձանին կիպ հարևանությամբ և զբաղեցնելով Երևանի Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ու դեպի Երևանի Աբովյան պուրակ շարունակվող Աբովյան փողոցի մայթի վրա, գտնվում է Երևանի բնակիչների և այցելուների (հյուրեր, տուրիստներ և այլն) անմիջական տեսադաշտում, իսկ հողամասում կազմակերպված սրճարանն իր կառուցվածքով և արտաքին տեսքով բացասական ազդեցությունն է թողնում հանրապետական նշանակության անշարժ հուշարձանի վերաբերյալ մայրաքաղաքի բնակիչների և այցելուների տպավորությունների վրա, քանի որ սրճարանի գոյությունն ու գործունեությունը համահունչ չէ տվյալ մշակույթի տան, որպես ճարտարապետական ուրույն լուծումերով կառույցի արտաքին տեսքի, դրանից ծնվող մշակութային տրամադրության հետ: Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեում ձևավորված միջավայրը (սրճարանի կազմակերպում) աղավաղում է մշակույթի տան, որպես հայկական ճարտարապետության եզակի նմուշ հանդիսացող հուշարձանի գեղեցկության ու ինքնատիպության հասանելիությունը անցորդներին, մինչդեռ նման տեսողական հաղորդակցումը ևս հանդիսանում է քաղաքի մշակութային կյանքի, հայկական ճարտարապետության ոգու փոխանցման միջոց՝ այդպիսով խթանելով քաղաքային ճարտարապետական ու մշակութային միջավայրի էլ ավելի ճանաչելի, ընկալելի ու գրավիչ լինելը:  
Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2 հասցեի շինությունը հանդիսանում է հանրապետական նշանակության անշարժ հուշարձան, հետևաբար դրա արտաքին տեսքի ներկայանալի լինելն ու գրավչությունն ապահովելն առավել քան ունի հանրային նշանակություն և գտնվում է Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների հոգացության և ուշադրության կենտրոնում, ինչով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետը, կարևորելով Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մշակույթի տան արտաքին տեսքն ապահովող հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու հանրային խնդրի կարգավորումը, ինչպես նաև իրացնելով Պայմանագրի 6.8-րդ կետով սահմանված վարձատուի իրավունքը՝ դրսևորում է Պայմանագրից միակողմանի հրաժարվելու կամահայտնություն:
Ելնելով վերոգրյալից և Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի հունիսի 10-ին տրված թիվ 01/7-97741-24 լիազորագրով վերապահված լիազորություններիցս՝ սույնով ծանուցում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի կողմից Պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին:
Կից ներկայացվում է թիվ 01/7-97741-24 լիազորագրի պատճենը՝ 1 թերթից:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ   /ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ/