Պահոց

Հանրային լսումների անցկացման վերաբերյալ

03.09.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի № 1357-Ն և 2025 թվականի ապրիլի 23-ի № 486-Ն որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» վարկային և ծրագրային համաձայնագրի դրույթների համաձայն՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ծրագիրը։ Ծրագրի իրականացման տարածքն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների առանձին հատվածները։

Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է մոտ 6.5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային ենթակառուցվածքի կառուցում՝ ներառյալ մոտ 2 կմ նոր ճանապարհ, Հրազդան գետի վրայով 252 մ երկարությամբ նոր կամրջի կառուցում և հարակից այլ աշխատանքների իրականացում։

ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 486-Ն որոշմամբ Երևանի քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ։ Որոշման իրականացմամբ նախատեսված հետագա գործողությունների վերաբերյալ տարածքի սեփականատերերի, գույքային իրավունք ունեցող անձանց և այլ շահագրգիռ անձանց իրազեկումն ու քննարկումն ապահովելու նպատակով նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկին ընդառաջ անցկացնել հանրային լսումներ։

Հանրային լսումները նախատեսվում է անցկացնել հետևյալ ժամանակացույցով՝

- Շենգավիթ վարչական շրջան՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ին (Գ. Նժդեհի փ. 26),

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին` ժամը 14:30-ին (Սեբաստիայի փ. 32),

- Կենտրոն վարչական շրջան՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին (Վ․ Տերյան փ. 44):

Հանրային լսումներին կարող են մասնակցել սեփականատերերը, գույքային իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձինք։

Հանրային լսումների ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 486-Ն որոշման իրականացմամբ նախատեսվող հետագա գործընթացները, ինչպես նաև մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հարցերը, առաջարկությունները և դիտարկումները։