Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

19.09.2026

«Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» (EMERGE) ներդրումային ծրագրի հայեցակարգային լուծումներ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցությամբ իրականացվում են «Երևանի կայուն քաղաքային տրանսպորտ և էլեկտրական շարժունակություն» (EMERGE) ներդրումային ծրագրի համար տեխնիկատնտեսական ուսումնասիրության և հայեցակարգային նախագծման խորհրդատվական աշխատանքները։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել Երևանի հանրային տրանսպորտային համակարգի արդյունավետության, անվտանգության և մատչելիության բարելավմանը։ Ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են էլեկտրական նոր շարժակազմի ներդրման, դեպոների վերակառուցման և արդիականացման և առաջնային տրանսպորտային միջանցքների ձևավորման լուծումները։

Ծրագրի առաջարկվող միջանցքներն ընդգրկում են Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առանձին հատվածները։ Ծրագրի բովանդակության և դրա շրջանակում նախատեսվող լուծումների վերաբերյալ հանրության լայն իրազեկում ապահովելու նպատակով նախատեսվում է անցկացնել հանրային քննարկում։

Հանրային քննարկման անցկացման օրը, ժամը և վայրը՝

Ամսաթիվ՝ 2026 թվականի սեպտեմբերի 29

Ժամ՝ 09:30 - 13:30

Վայր՝ «DoubleTree by Hilton Yerevan City Centre» հյուրանոց (ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փ. 4/2):

Քննարկման ընթացքում կներկայացվեն Ծրագրի հիմնական բաղադրիչները, առաջարկվող տրանսպորտային և ենթակառուցվածքային լուծումները, դրանց հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցություններն ու մեղմման միջոցառումները, հողի օտարման, վերաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները։ Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց հարցերը, առաջարկությունները և դիտարկումները։

Քննարկումները պատշաճ կազմակերպելու նպատակով ցանկալի է նախապես գրանցվել մինչև 26.09.2026թ. ժամը 18։00-ն՝ լրացնելով առցանց Նախագրանցման հայտ։

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ հանրային քննարկմանը մասնակցությունը հնարավոր է առանց նախնական գրանցման։