Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ներկայացված են հայկական կերպարվեստի երկու խոշորագույն վարպետների ստեղծագործությունները:
Մեծանուն քանդակագործ Արա Սարգսյանի և անվանի նկարիչ Հակոբ Կոջոյանի առանձնատունը կառուցվել է 1935 թ., ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ: Հեղինակը ճարտարապետ Վարազդատ Արևշատյանն է: Այստեղ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետները: 1973 թ. շենքն անվանի արվեստագետների ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը: Թանգարանը հիմնադրվել է 1973 թ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1970 թ. մայիսի 25-ի որոշ¬մամբ: Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից մեկն է։
Արա Սարգսյանի արվեստի բաժնում ցուցադրված են քանդակագործի ստեղծագործությունները, լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Ներկայացված են նաև արվեստագետի թատերական ձևավորումներն ու գրաֆիկական գործերը: Քանդակագործի արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին` մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:
Առանձնատան երկրորդ հարկում ներկայացված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Աշխատանքների մեծ մասը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից են, որոշ մասը՝ նկարչի ժառանգների նվիրատվությունն է։
Առանձնատան բակում տեղադրված են միջնադարյան խաչքար, Արա Սարգսյանի աշխատանքներից «Մայր Հայաստան», «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց», «Արտավազդ Բ» քանդակները: Քարե պարսպին ամրացված են «Շեփորահարներ», «Շինարարություն», «Մխիթար Հերացի» հարթաքանդակները:
Տուն-թանգարանի մուտքի մոտ՝ 1981 թ. տեղադրվել է Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի հուշակոթողը (ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան, քանդակագործ՝ Էդուարդ Աղայան): Այն ուղղաձիգ պատվանդանի վրա տեղադրված բարդ կոնֆիգուրացիայով, զույգ կամարակապ խորշերով երկկողմանի ծավալ է: Խորշերից մեկի մեջ տեղադրված է Հ. Կոջոյանի, մյուսում՝ Ա. Սարգսյանի դիմաքանդակը: Դիմաքանդակները բրոնզից են, աչքի են ընկնում դիմապատկերային նմանությամբ:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթիից կիրակի՝ 11:00-17:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ - 1000 դրամ
Աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ - 500 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն/օտար լեզու – 3000 դրամ