«Ֆրիտյոֆ Նանսեն թանգարան» ՀՈԱԿ-ը բացվել է 2014 թվականին, Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Նանսենի փողոց, 4/4 հասցեում (բարերարներ՝ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններ, ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան):
Թանգարանի մակերեսը՝ 40.6 քմ.:
Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը:
Թանգարանի այցելուները ցուցադրվող հայերեն գրքերի, ֆիլմերի, ցուցապաստառների, քանդակներիև թողարկված հոբելյանական նյութերի միջոցով ծանոթանում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանը:
Ֆրիտյոֆ Նանսենը բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Նա առաջինն էր, որ չքավորին օգնելը կարեկցանքի աստիճանից վերածեց գործնականի՝ ապրելակերպի, իսկ անձնական բարեգործությունը՝ պետական քաղաքականության մակարդակի:
Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը՝ հանուն մարդու իրավունքների և արժանապատվության, փոխեց դիվանագետների և քաղաքագետների տեսակետն սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:
Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական հսկայական ողջ նվաճումը կարելի է բաժանել հիմնական երեք խմբի.
1917-1918 թթ., ԱՄՆ-ից Նորվեգիա սննդի պաշարներ փոխադրելու առաքելությունը:
Ռազմագերիներին, սովյալներին ու Առաջին համաշխարհային պատերազմի փախստականներին ցուցաբերած աջակցությունը:
Ազգերի Լիգային նրա աջակցությունը:
Նանսենյան օգնության կոմիտեի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանում (Վոլգայի ավազանում) և Ուկրաինայում շուրջ տասը միլիոն մարդկային կյանք փրկվեց: Անգնահատելի է Ֆ. Նանսենի դերը թուրք ճիվաղների հրահրած և իրագործած Հայոց մեծ եղեռնից ու հույն - թուրքական պատերազմից մազապուրծ քաղաքակիրթ քրիստոնյա երկու ժողովուրդների փրկությանև օգնության գործում:
320 հազար հայեր Նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, իսկ 50 հազար հայեր Հունաստանից գաղթեցին Մայր հայրենիք և բնակություն հաստատեցին Սարդարապատում, որտեղ կենսապայմաններ ստեղծելու գործում նույնպես մեծ էր բարոյականության բարձրակետում կանգնած Ֆրիտյոֆ Նանսենի և նրա ղեկավարած հանձնախմբի դերը: Նրանք սկսեցին փորձագիտական - հետազոտական աշխատանքները, որոնց նկարագրություններն ու առաջարկներն, իբրև փաստաթղթային ապացույցներ, ժամանակին տեղ են գտել Ժնևյան հաղորդագրություններում, ապա դուրս եկել արխիվներից, հասել մեր օրերն ու դարձել մեծ նորվեգացուն նվիրված հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո առհավատչյան:
Փաստաթղթերը, այնուամենայնիվ, չէին կարող պահել Ֆրիտյոֆ Նանսենի հոգու թրթիռները, երբ նաքայլում էր հին Երևանի փողոցներով կամ երբ մասնակցում էր Շիրակի ջրանցքի բացմանը: Նրա հայաստանյան տպավորությունները վերածվեցին սիրո խոստովանությունների, որոնցում մեզ հատկապես պարտավորեցնող էին նրա հետևյալ խոսքերը. «Իմ հույսն է կարողանալ նորից վերադառնալ...»: Քաղաքականության և բարոյականության հաշտեցման ճանապարհին Ֆրիտյոֆ Նանսենին ուժ էին հաղորդում հայ որբուկների սովահար աչքերը:
Տակավին 1906 թվականին Իզմիր քաղաքում հայերեն հրատարակվել է Ֆ. Նանսենի «Դեպի Բևեռ» գիրքը: Սա հայ ընթերցողի առաջին ծանոթությունն էր անվանի գիտնական-բևեռախույզին: Իսկ 1925-ի հայաստանյան ուղևորությունից հետո Ֆրիտյոֆ Նանսենի հրատարակած «Խաբված ժողովուրդ» գիրքը Հայ դատի հենասյուներից է, Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված լավագույն գրքերից մեկը:
Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00
Տնօրեն՝ Ֆ. Բախչինյան
Հասցե՝ Նանսենի փ. 4/4
Մուտքը՝ անվճար