Երևանի քաղաքապետարանը, կարևորելով Երևանում զբոսաշրջիկներին և քաղաքացիներին տեղեկատվական աջակցություն տրամադրելու հանգամանքը, 2018 թվականին հիմնել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոններ:
Առաջին այդպիսի կենտրոնը բացվել է Նալբանդյան 2/1 հասցեում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից այգու սկզբնամասում, մյուսը գտնվում է Ֆրանսիայի հրապարակում՝ Բաղրամյան 2/5 հասցեում: Նշված կենտրոնների գործունեությունը համակարգում և վերահսկում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը:
Տեղեկատվական կենտրոնների նպատակը քաղաքացիներին և քաղաքի հյուրերին աջակցելն է՝ տրամադրելով տեղեկատվություն քաղաքում կողմնորոշվելու, քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների, քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոններում այցելուներին անվճար տրամադրվում են Երևանի բազմալեզու քարտեզներ, ուղեգրքեր, տեղեկատվական գրքույկներ համայնքային թանգարանների, Կենդանաբանական այգու, «Երևան սիթի տուր» քաղաքային պաշտոնական երթուղու մասին, քաղաքային թեմատիկ էքսկուրսիոն ծրագրի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների, բնակիչների ընդունելության ժամանակացույցի, «Թեժ գիծ» ծառայության վերաբերյալ:
Զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոններն աշխատում են ներքոնշյալ աշխատանքային ժամանակացույցով:
«Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում գտնվող զբոսաշրջային կենտրոնի աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ, ժամը 10:00-18:30
«Ֆրանսիայի հրապարակ» Բաղրամյան 2/5 հասցեում գտնվող զբոսաշրջային կենտրոնի աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-շաբաթ, ժամը 10:00-18:30
Կենտրոնի աշխատակազմը պատրաստակամ է օտար լեզուներով մայրաքաղաքի հյուրերին և համաքաղաքացիներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:
2018թ. զբոսաշրջային կենտրոններն սպասարկել են շուրջ 21007 այցելու՝ աշխարհի 73 երկրից:
2019թ. սպասարկվել է շուրջ 37344 այցելու՝ աշխարհի 75 երկրից:
2020թ. սպասարկվել է շուրջ 3687 այցելու՝ աշխարհի 52 երկրից:
2021թ. սպասարկվել է շուրջ 5612 այցելու՝ աշխարհի 54 երկրից:
2022թ. սպասարկվել է շուրջ 9319 այցելու՝ աշխարհի 67 երկրից:
2023թ. սպասարկվել է շուրջ 28456 այցելու՝ աշխարհի 72 երկրից: