Տրանսպորտի վարչություն
Հավելված հ.17
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6.Վարչության նպատակը տրանսպորտի բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է:
7.Վարչության խնդիրները և գործառույթները բխում են տրանսպորտի բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը, ինչպես նաև Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի արդյունավետ կենսագործունեության ապահովմանը։
8.Վարչությունը՝
1) ՀՀ օրենսդրությամբ սաhմանված կարգով կազմակերպում է ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում նրա երթուղիներն ու չվացուցակները, կազմակերպում կանգառների և կայանատեղերի գործունեությունը.
2) իր խնդիրներին համապատասխան համակարգում է բոլոր տեսակի քաղաքային ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս, մետրոպոլիտեն) աշխատանքն անկախ դրանց պատկանելիությունից և սեփականության ձևից.
3) սահմանված կարգով հաստատում է քաղաքային ուղևորատար տրանսպորտի չվացուցակները ու ապահովում դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
4) քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին համապատասխան իրականացնում է միջոցառումներ քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթակարգավարական կետերի համակարգի կատարելագործման, քաղաքային տրանսպորտի համալիր զարգացման և դրա հեռանկարային տեսակների ընտրության ուղղությամբ.
5) ղեկավարում է քաղաքի երթուղային ցանցի ճշգրտման, քաղաքային ուղևորատար ընդհանուր օգտագործման տրանսպորտի (ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական) և թեթև մարդատար տաքսիների կայանման տեղերի տեղաբաշխման, տրանսպորտային միջոցների երթևեկության չվացուցակներում և ժամային գրաֆիկներում փոփոխություններ կատարելու աշխատանքները.
6) մասնակցում է քաղաքի ճանապարհափողոցային ցանցի զարգացմանն առընչվող քաղաքաշինական հարցերի մշակմանը, եզրակացություններ տալիս ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև վճարովի ավտոկայանատեղերի /այդ թվում՝ ծառայողական/ կազմակերպման նպատակահարմարության մասին.
7) տալիս է եզրակացություններ Երևան քաղաքի տարածքում կազմակերպվող շինհրապարակներով փողոցների երթևեկելի մասերի և մայթերի հատվածների զբաղեցման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ.
8) իրականացնում է ուղևորատար տրանսպորտի կանգառանշանների գույքագրումը.
9) սահմանված կարգով մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կողմից համակարգվող ընկերությունների և կազմակերպությունների տրանսպորտային միջոցների դուրս գրման, հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնման և օտարման մասին հարցերի նախապատրաստմանը.
10) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագրեր և վերահսկում դրանց կատարումը.
11) համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակում և Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ ճանապարհային երթևեկության կազմակերպման կատարելագործման և վթարայնության նվազեցման վերաբերյալ:
3. Վարչության աշխատանքների կազմակերպումը
9.Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևանի ավագանին:
10.Վարչության կազմում գործում են 2 բաժիններ.
1) հասարակական տրանսպորտի կարգավորման,
2) երթևեկության կառավարման։
11.Վարչության պետին և վարչության աշխատակիցներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձը:
12.Վարչության գործունեությունը ղեկավարում է վարչության պետը և դրա համար կրում է պատասխանատվություն:
13.Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, մասնագետների իրավունքները և պարտականությունները <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով սահմանվում են տվյալ պաշտոնի անձնագրով:
14.Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
15.Վարչության պետը`
1) կազմակերպում և ղեկավարում է վարչության ընդհանուր գործունեությունը և դրա համար կրում է պատասխանատվություն.
2) ապահովում է վարչության իրավասությանը վերաբերող իրավական ակտերի, Երևանի քաղաքապետի և /կամ/ վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը.
3) վարչության աշխատողներին տալիս է պարտադիր կատարման աշխատանքային ցուցումներ և հանձնարարություններ, նրանց ներկայացնում է խրախուսման և կարգապահական տույժի.
4) ստորագրում է վարչության կողմից տրվող փաստաթղթերը, նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
5) իրականացնում է վարչության աշխատանքների ղեկավարման հետ կապված այլ լիազորություններ:
Երևանի ներհամայնքային հասարակական տրանսպորտ
Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով: Նկատի ունենալով վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի քանակի աճի միտումը` քաղաքային իշխանությունը որդեգրել է քաղաքային երթուղային ցանցում մեծ տեղատարողության շարժակազմերի (ավտոբուսների և տրոլեյբուսների) տեսակարար կշիռն ավելացնելու և, զուգահեռաբար, միկրոավտոբուսների շահագործումը բացառելու քաղաքականություն:
Երևանի քաղաքապետարանի համակարգում գործում են հետևյալ ուղևորատար տրանսպորտային ընկերությունները` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որն իրականացնում է Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կահավորման, սպասարկման և հսկողության իրականացման աշխատանքները:
Երթուղային ցանց
Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների շրջանակներում, կարևորելով մայրաքաղաքում գործող երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման և նոր երթուղային ցանցի ստեղծման անհրաժեշտությունը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական կազմակերպությունը լավագույն միջազգային փորձի, հստակ հաշվարկների և չափորոշիչների հիման վրա մշակել է Երևանի հանրային տրանսպորտի նոր արդյունավետ երթուղային ցանց, ինչը ենթադրում է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգերի ներդրման հնարավորություն, զեղչային համակարգի կիրառում, նոր ժամանակակից շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերում՝ բացառելով միկրոավտոբուսները, հասարակական տրանսպորտի մնացած ձևերի արդյունավետ փոխհամագործակցություն, ուղևորների սպասարկման որակի զգալի բարձրացում և այլն։
Այս համատեքստում սկսվել են Թևոսյան 5 հասցեում գործող հավաքակայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
Նույն գործընթացի շրջանակներում բարեկարգվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի Լենինգրադյան 16 հասցեում գտնվող տարածքը, որտեղից ներկայումս կազմակերպվում է նոր ավտոբուսների շահագործման աշխատանքները:
Նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում Երևան համայնքի միջոցներով 2020-2021 թվականներին ձեռք է բերվել և մայրաքաղաք ներկրվել նոր, փոքր դասի «ԳԱԶԵԼ Սիթի» մակնիշի 100 հատ և միջին դասի «ԺՈՆԳ-ԹՈՆԳ» մակնիշի 211 հատ քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսներով սպասարկվում են Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային թվով 9 երթուղիներ (հհ.26,38,47,24,22,55,48,62,50), իսկ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներով՝ թվով 16 ավտոբուսային երթուղիներ (հ.հ.3,20,97,99,28,35,11,31,15,16,30,7,23,41,74,29), ինչի արդյունքում որոշակիորեն բարելավվել է քաղաքացիների տրանսպորտային սպասարկման վիճակը և որակը:
Շարժակազմերի համալրման աշխատանքները շարունակվել են 2022 թվականին: Ձեռք է բերվել «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի միջին դասի ևս 150 ավտոբուս, «ՄԱՆ» մակնիշի մեծ դասի (12 մետր երկարությամբ) 87 ավտոբուս և «Yutong» մակնիշի 15 տրոլեյբուս: Ավտոբուսների մեծ մասն արդեն մայրաքաղաքում է և առաջիկայում կկազմակերպվի դրանց շահագործումը Երևանի ներհամայնքային երթուղիներում:
Գործող երթուղային ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 35 երթուղի (502 միավոր շարժակազմ), ավտոբուսային 50 երթուղի (637 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (108 միավոր շարժակազմ)։
Ավտոբուսային փոխադրումներ
Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 699 ավտոբուս, փաստացի շահագործվում է 45 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում 420-430 միավոր շարժակազմ։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 14 կազմակերպություններ։
Ավտոբուսային հավաքակազմի համալրման արդյունքում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Մասնավորապես՝ 2022 թվականին ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է շուրջ 74.1 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 3.6 մլն-ով, իսկ տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 50.8%։ Չնայած դրան՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը դեռևս ցածր է։ Երևանում դեռևս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է իրականացնել Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Միկրոավտոբուսային փոխադրումներ
Երևանում փաստացի գործում է 34 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 430 միավոր շարժակազմով։ Օրական միջին հաշվով երթուղիներ է դուրս բերվում 320-330 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 17 մասնավոր կազմակերպություններ և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։
Վերջին տարիներին միկրոավտոբուսների քանակի պակասեցման արդյունքում զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը։ 2022թ. միկրոավտոբուսներով տեղափոխվել է մոտ 44,2 մլն ուղևոր, ինչը 2021թ. համեմատ պակաս է մոտ 15.5 մլն-ով: Չնայած դրան՝ մայրաքաղաքի ուղևորափոխադրումներում դեռևս մեծ է միկրոավտոբուսների չափաբաժինը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 30.2%-ը։
Բացառությամբ երկու «ՖԻԱՏ» մակնիշի միկրոավտոբուսների, մնացած բոլորը «ԳԱԶԵԼ» մակնիշի միկրոավտոբուսներ են, միջին տարիքը կազմում է մոտ 12.0 տարի: Միկրոավտոբուսների զգալի մասը իրենց փաստացի վիճակով չի բավարարում կանոնավոր ուղևորափոխադրումների և ուղևորների սպասարկման որակին ներկայացվող պահանջներին:
Սահմանված կարգի համաձայն՝ 15 տարին լրացած միկրոավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման և այդ տեսանկյունից մինչև 2022թ. ավարտը դադարեցվել է 2007թ. թողարկման 25 միկրոավտոբուսների շահագործումը:
Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի, ինչը և նախատեսվում է իրականացնել նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 41 տրոլեյբուս, այդ թվում՝ 7 հատ «Շկոդա» և 34 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունը փաստացի սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 32-35 միավոր շարժակազմ։ 2022թ. որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների թիվը, տեղափոխվել է 4307.5 հազ. ուղևոր, ինչը 388.5 հազ. ուղևորով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դեռևս փոքր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում, այն կազմում է մոտ 3.0%։
Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում՝ այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը, 2022 թվականին ձեռք է բերվել և առաջիկայում մայրաքաղաք կներկրվի «Yutong» մակնիշի նոր 15 տրոլեյբուս (տրոլեյբուսային հավաքակազմի համալրումը կշարունակվի նաև 2023թվականին. նախատեսվում է ձեռք բերել ևս 15 նոր տրոլեյբուս):
Որոշակի աշխատանքներ են կատարվում վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների նորոգման, հպակային ցանցի որոշակի նոր հատվածներ կառուցելու, տրոլեյբուսային տնտեսության արտադրական շենքերի վերանորոգման և վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետությունը մեծացնելու նպատակով։
Մետրոպոլիտեն
Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։
Վերջին երկու տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը հիմնականում պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ, ինչպես նաև մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման դադարեցմամբ: 2022թ. մետրոպոլիտենով տեղափոխվել է 23317.6 հազ. ուղևոր, ինչը 4841.6 հազ. ուղևորով ավելի է նախորդ տարվա համեմատ: Մետրոպոլիտենով իրականացված ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում ևս աճել է և կազմում է մոտ 16.0%։ Մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման շնորհիվ, և այդ առումով էլ տարվում են համապատասխան աշխատանքներ: Կազմակերպվել է Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նպատակով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացը, որում հաղթող է ճանաչվել «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որն արդեն սկսել է համապատասխան աշխատանքները:
Հասարակական տրանսպորտի կանգառներ
Երևանում սահմանված են հասարակական տրանսպորտի շուրջ 870 կանգառներ, որոնցից 387-ում տեղադրված են կանգառասրահներ և կանգառանշաններ, 483-ում՝ միայն կանգառանշաններ: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման փոխադրամիջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների, նոր կանգառների սահմանման՝ նախկինում մեկնարկած աշխատանքները։
Շարունակվել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորումը։ 2022թ. ընթացքում Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված 44 կանգառասրահներ փոխարինվել են նորերով, ևս 33-ը տեղադրվել են գործող կանգառներում: Բացի այդ, ևս 2 կանգառասրահ տեղադրվել են Գ.Նժդեհի փողոցում:
2023թ. նախատեսվում է կանգառասրահներ տեղադրել 20 կանգառներում՝ Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններում, համապատասխանաբար, 13 հատ և 7 հատ:
Ավտոկայանատեղեր
Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի ոլորտի կանոնակարգման նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընթանում են գործնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում կայանատեղերի կազմակերպման նպատակով։
Մասնավորապես՝ գործընթացի սկզբից կազմակերպվել են տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղեր Երևանի Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների հիմնական փողոցներում:
Երևանում վճարովի ավտոկայանատեղերի արդիականացման և բարեփոխուման շնորհիվ ներդրվել են նոր, արդիական սարքավորումածրագրային համակարգեր, ինչը հնարավորություն է տվել ավտոկայանատեղերում կիրառել տեսանկարահանող սարքերի ավտոմատացման գործառույթ, մասնավորապես, վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների համարանիշերի ճանաչում և թվայնացում:
Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղում վճարի գանձման գործընթացը կանոնակարգելու նպատակով փոխվել և տեղակայվել է նոր, էլեկտրոնային արդիական համակարգ:
Որպես բնապահպանապես մաքուր տրանսպորտային միջոց Երևանում էլեկտրամոբիլների տարածմանը խթանելու նպատակով Երևանի ավագանու 27.12.2022թ. հ.689-Ն որոշմամբ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
Երևանի ավագանու համապատասխան որոշումներով, 43 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թույլատրվել է 2022թ. կազմակերպել, ինչպես նաև շարունակել նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետի 28 որոշումներով սահմանվել է թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների 156 հատ կայանատեղ։
Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկում
Սայլակավոր հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսները մատչելի դարձնելու նպատակով, 2020-2021թ.թ. մայրաքաղաք ներկրված փոքր և միջին դասի բոլոր ավտոբուսները (համապատասխանաբար՝ 100 հատ և 211 հատ) կահավորված են թեքահարթակներով՝ ինչը հնարավորություն է տալիս ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիությունն ու հարմարավետությունը (2022թ. ձեռք բերված՝ 150 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի, 87 «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները և 15 տրոլեյբուսները ևս ունեն թեքահարթակ):
Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը՝ հետևողականորեն լուծում է ստանում կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը։ Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում համապատասխան կահավորանքի միջոցով առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար։
Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի հ.689-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության կտրոնների տրամադրման գործընթացը։ 2023 թվականի համար արդեն տրամադրվել է 66 հատ կտրոն:
Աջափնյակ վարչական շրջանի տարածքում, պիլոտային կարգով, հասարակական տրանսպորտի թվով 17 կանգառների կանգառագոտիներում տեղադրվել են գոգավոր սալիկներ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:
2022թ. ընթացքում մայրաքաղաքում տեղադրված թվով 61 հետիոտնային կանչի լուսացույցները կահավորված են ձայնային ազդանշանմամբ տեսողության հետ առնչվող հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով:
Ճանապարհային երթևեկության կարգավորում
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն Երևանի քաղաքապետը իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով:
Վերը նշված լիազորությունն իրականացնելու նպատակով 2022թ. համար ՀՀ պետ. բյուջեից Երևանի քաղաքապետարանին է հատկացվել 765928.6 հազ. դրամ, որի շրջանակներում տարվա ընթացքում կատարվել են համապատասխան աշխատանքներ:
Պատրաստվել և տեղադրվել է 5130 հատ ճանապարհային նշաններ, իրականացվել է թվով 529 լուսացույցների, թվով 28 հետիոտնային կանչի լուսացույցների սպասարկման, շահագործման և վթարավերականգնողական աշխատանքներ, կատարվել հորիզոնական և ուղղաձիգ գծանշման աշխատանքներ և այլն:
Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով մայրաքաղաքի թվով 61 չկարգավորվող հետիոտնային անցումներում տեղադրվել են հետիոտնային կանչի լուսացույցներ: Թվով 20 անցումներ նախատեսվում է կահավորել 2023թ. ընթացքում:
Նախատեսվում է ներդնել արդիական նոր համակարգեր, որը հնարավորություն կտա բարելավելու ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքների իրականացումը և բարձրացնելու դրանց արդյունավետությունը: