Քաղաքապետը հետևել է մայրաքաղաքի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքին
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայրաքաղաքում իր հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ճանապարհների կառուցման, բարեկարգման, շենքերի և շինությունների արտաքին բարեկարգման ընթացիկ աշխատանքներին։
Այս պահին բուռն շինարարություն է ընթանում Ծիծեռնակաբերդի ճանապարհին։ Հաղթանակի կամուրջը Լենինգրադյան փողոցին կապող Աթենքի փողոցում նոր կառուցվող 2 կիլոմետր երկարությամբ ձգվող հատվածը միանգամից մի քանի փողոցներ է միացնելու: Երթևեկության հոսքերի կանոնակարգման նպատակով կառուցվում է նաև շրջադարձային նոր վերգետնյա ուղեանց։ Բացի այդ, նախատեսվում է նաև նոր ճանապարհահատվածի կառուցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Իսակովի պողոտա։
Կարեն Կարապետյանն առաջարկել է ավելացնել աշխատուժն ու երեք հերթափոխով շարունակել աշխատանքները։ <<Երևաննախագծի>> շինարարության պատասխանատուները, սակայն, հավաստիացրել են, որ ճանապարհի երթևեկելի հատվածը պատրաստ կլինի ժամկետից ավելի շուտ` սեպտեմբերի մեկից: Այստեղ չեն լինելու լուսացույցներ, ինչն էլ թեթևացնելու է մայրաքաղաքային երթևեկությունը և բեռնաթափելու է շրջանցիկ փողոցները։
Քաղաքապետի հաջորդ կանգառը եղել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում։ Շրջելով Կասկադի հարևանությամբ կառուցված շենքի տարածքում՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հենց վաղվանից ձեռնամուխ լինել թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին։
Դավիթ-Բեկի փողոցով երթևեկող վարորդներն այսօր էլ են դժվարանում անցնել, սակայն պատճառը ոչ թե անբարեկարգ ճանապարհն է, այլ ընթացող շինարարությունը։ Ի դեպ, նշենք, որ մինչ օրս մայրաքաղաքում ասֆալտապատվել է 300 հազար քմ ճանապարհ, ճաքալցվել` 150 հազար գծամետր տարածք, 3 փողոցներում տրամվայի գծեր են ապամոնտաժվել։
Աբովյան փողոցի շենքերի կամարակապ այս հատվածում օրեր առաջ անցորդներին կարող էին զարմացնել միայն պատերին թողնված տարատեսակ գրություններն ու անկանոն խզբզոցները, այսօր սակայն քաղաքապետն անձամբ համոզվել է, որ երբեմնի անշուք այս մուտքը գունազարդ բնանկարների միջոցով բոլորովին այլ տեսք է ստացել։ Ամիսներ անց այս օրինակը միակը չի լինելու։ Նման ձևով բարեկարգվելու և նկարազարդվելու են նաև մայրաքաղաքի մյուս շենքերի կամարակապ հատվածները։
Կարեն Կարապետյանը շրջայցի ընթացքում ծանոթացել և գնահատել է մայրաքաղաքի տարբեր փողոցների շենքերի ներկման և լվացման կատարված աշխատանքները, հետևել Տպագրիչներ - Վարդանանց փողոցների և Ամիրյան - Մաշտոց հատման մասում գտնվող շենքերի, այդ թվում նաև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի շենքի խճանկարների սալիկապատման ընթացիկ աշխատանքներին։ Այսպիսի գեղարվեստական լուծումը շենքերի բարեկարգման հարցում ոչ միայն նոր մոտեցում է, այլև նոր մշակույթ։
Այս պահի դրությամբ Երևանում արդեն իսկ կատարվել է 245 շենքերի արտաքին լվացում և ներկում։ Ավարտին են մոտենում մետաղական ցանկապատերի ներկման աշխատանքները։ Քաղաքապետն այցելել է Գլխավոր պողոտայի Մաշտոց-Սարյան հատվածը, որտեղ շարունակվում են այգու բարեկարգման աշխատանքները։ Մինչև հոկտեմբեր վերանորոգվելու են շատրվաններն ու տեղադրվելու են նստարաններ, անցկացվելու է լուսավորություն։ Երևանյան 3 այգիներում այդ աշխատանքներն արդեն իսկ ավարտված են։
Լուծվել է նաև 12 փողոցների լուսավորության հարցը։ Ընթացքի մեջ է 3 վերգետնյա անցումների շինարարությունը։ Այս պահին շարունակվում են նաև Հրազդանի կիրճի և Դավթաշենի կամրջի բարեկարգման և նորոգման աշխատանքները։ Հետիոտնի համար արդեն իսկ կատարվել է 18 հազար քմ ծավալով մայթերի բարեկարգում։
Գնահատելով ընթացիկ աշխատանքները` քաղաքապետ Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այսուհետև ժամկետների հարցում քաղաքապետարանը լինելու է առավել հեռահայաց, և սահմանվելու են նոր շինարարությունների հստակ ժամկետներ, քանի որ Դավթաշենի կամրջի և Դավիթ-Բեկի փողոցում շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում սահմանված ժամկետից ավելի շուտ. <<Շրջայցի շրջանակում մենք արձանագրեցինք, որ բոլոր աշխատանքները ժամկետների մեջ են, որոշ դեպքերում նաև ժամկետներից արագ, ուղղակի հետագա մեր աշխատանքների համար ճիշտ ժամկետներ սահմանելու խնդիր ունենք: Բազմաթիվ աշխատանքներ կան, որոնց ավարտն, օրինակ, նոյեմբեր ամսին է նախատեսված, բայց տվյալ ժամկետն անտրամաբանական է: Այս մասով մենք բավականին անելիք ունենք, որպեսզի մրցույթները ժամանակին հայտարարենք: Վերգետնյա անցումների կառուցման դեպքում էլ, օրինակ, կարելի էր ժամկետը սահմանել մինչև սեպտեմբերի 1-ը, ինչը տրամաբանական կլիներ>>,- նշել է քաղաքապետը: Կարեն Կարապետյանը նաև արձանագրել է, որ բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվել էին հատուկ ՀՀ անկախության 20-ամյակի առիթով, ժամկետների մեջ կավարտվեն, ու թե' քաղաքի արտաքին տեսքը, թե' ընդհանուր միջավայրը զգալիորեն կփոխվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն