Վերանորոգվում են կամուրջների դեֆորմացիոն կարերը
Թբիլիսյան խճուղուց Աճառյան փողոց տանող ու Մ4 միջպետական ճանապարհին կապող կամուրջը փակ է երթևեկության համար: Վերանորոգվում են կամրջի դեֆորմացիոն կարերը: Ճարտարապետական այս լուծման շնորհիվ ապահովվում է կամուրջների անխափան ծանրաբեռնվածությունը:
«Այս կամուրջը 2005 թվականին է նորոգվել, բայց արդեն կորոզիայի է ենթարկվել: Երկաթե հատվածները կարերի դուրս էին եկել ասֆալտի վրա և երթևեկությունը ոչ միայն չէին թեթևացնում, այլև խոչընդոտում էին երթևեկությանը: Երևանի համայնքային բյուջեով ամեն տարի մենք ունենք կամուրջների սպասարկման ծառայություններ: Դրա շրջանակում այս տարի որոշել ենք մի քանի առավել վթարավտանգ կամուրջների դեֆորմացիոն կարերը վերանորոգել»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:
«Քանդելու ենք դեֆորմացիոն կարերը մինչև հեծաններ և միասնական բետոնե սալ, որից հետո փոխելու ենք հիմնական թիթեղները և նորից երկաթե անկյունակներով հավաքելու ենք: Մենք այսկերպ թույլ չենք տալիս, որպեսզի ջուրն անցնի և վնասի կամուրջի հիմանական բետոնե կոնստրուկցիաները»,-ասում են կամրջաշինարարները:
Աշխատանքները կտևեն շուրջ 1 ամիս: Դեֆորմացիոն կարերի վերանորոգումն առաջին հերթին կապահովի անվտանգ երթևեկություն, բացի այդ նաև կերակարցնի կամրջի կյանքը:
«Այստեղ աշխատում է 2 խումբ, քանի որ կամուրջը բավական մեծ է, և մեկ ամսում պետք է այն հանձնենք մեր քաղաքացիներին»,-ասում է կամրջաշինական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:
Երևանի քաղաքապետարանն այս տարվա կամուրջների պահպանության ծրագրում ընդգրկել է նաև Կիևյանի, Սարալանջի և Գարեգին Նժդեհի` քաղաքացիներին առավել հայտնի «Վստրեչի» կամուրջները: Նախատեսված է նորոգել նաև Հաղթանակի կամուրջը:
Շինարարական աշխատանքների անհարմարությունները ժամանակավոր են, մինչդեռ ճանապարհային այս հանգույցների պահպանությունը՝ նորոգումն ու ամրացումը, կարևոր է թե՛ քաղաքի և թե՛ քաղաքացիների համար: