«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կբարեկարգվի Ա. Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող այգին՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:
Շնորհակալություն հայտնելով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգու բարեկարգումն ու հետագա սպասարկումն իրականացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը:
Նաև նշվել է, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն