Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևան ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ
Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրքեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն:
«Նմանատիպ միջոցառումներն ընդգծում են մեր քաղաքի հյուրընկալությունը և ջերմություն են փոխանցում մայրաքաղաքի հյուրերին: Ակցիան նպատակ ունի զբոսաշրջիկներին հենց օդանավակայանից ուղղորդել մայրաքաղաքի առավել հետաքրքրաշարժ զբոսաշրջային վայրեր և իրազեկել մշակութային հաստատությունների, հուշարձանների, ինչպես նաև քաղաքում գործող առավել գրավիչ ծառայությունների մասին», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Նշենք նաև, որ նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցությամբ: Նախաձեռնությանն աջակցել են «Երևան քարտ», «I am Armenia» կազմակերպությունները, «Տուրինֆո» զբոսաշրջային ամսագիրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն