Շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման նկատմամբ

16.01.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ևս շարունակվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը ստուգելու նպատակով անակնկալ այցերը: Մասնավորապես, Դավթաշեն, Աջափնյակ, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների 13 մանկապարտեզներում իրականացված ստուգումների արդյունքում խախտման որևէ դեպք չի արձանագրվել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, վերահսկողության վարչություններին հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ համատեղ շարունակել սննդի մատակարարման ամենօրյա հսկողությունը:

Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Նշվել է, որ թեև վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատում են անխափան, այնուամենայնիվ, որոշ դպրոցներում, դրանց շենքային պայմաններից ելնելով, դասասենյակներում սահմանված նորմերին համապատասխան ջերմաստիճան ապահովելու նպատակով կիրառվում են նաև էլեկտրական ջեռուցիչներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը՝ հետևելով, որ տեղերում մշտապես պահպանվի համապատասխան ջերմային ռեժիմը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին