Ուժեղացված ստուգայցեր՝ փողոցային ապօրինի առևտրի վերացման նպատակով

15.04.2022

Ձկնեղեն, մսամթերք, միրգ-բանջարեղեն. վաճառքը հենց մայթին է՝ առանց սանիտարական պայմանների: Մալաթիայում նման մշտական հասցեները մի քանիսն են:

 

Բացօթյա ապօրինի առևտուրը Երևանում վերացնելու համար քաղաքապետարանն ամեն օր ուժեղացված ստուգայցեր է անում՝ հիմա արդեն ոստիկանության աշխատակիցների հետ:


«Որոշ ժամանակով դադարեցնում են առևտուրը, հետո նորից կրկնվում է: Տեսանելի արդյունք, կարծում եմ, կունենանք, երբ օրենսդրական փոփոխություններ լինեն»,-նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:


Ով ու որտեղ ցանկանա սննդամթերք վաճառել՝ չի կարող: Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ասում է՝ բացօթյա առևտրով կարելի է զբաղվել միայն հատուկ թույլտվությամբ ու կոնկրետ ապրանքների դեպքում՝ ծաղիկ, ըմպելիք, պաղպաղակ:
Նախազգուշացումներից հետո ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիները բազմիցս տուգանվել են, ինչը, սակայն, նրանց դաս չի լինում: Գալիս են անգամ մեքենաներով, և այստեղ գործի են անցնում տարհանող ավտոմեքենաները: Դրանից հետո էլ տարածքն է ամբողջությամբ մաքրվում:


Օրինախախտումն արձանագրելու համար օգնության են հասնում պարեկները. տեղում անձը նույնականացվում է, տվյալները՝ ճշտվում ու փոխանցվում:


2021թ. առևտրի ոլորտում կազմվել է շուրջ 2200 արձանագրություն, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 500:


«Առաջին անգամ օրինախախտողները տուգանվում են 70-90 հազար դրամով, 2-րդ անգամ՝ 200 հազար դրամով, սակայն խնդիրը տուգանքը չէ, այլ այն, որ դա հաճախ հնարավոր չի լինում գանձել, որովհետև այդ մարդիկ անվճարունակ են»,-նշում է Հովիկ Սաֆարյանը:


Թե «ինչպե˚ս հացի գումար վաստակեն» հարցին՝ քաղաքապետրանը պատասխանում է՝ առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: 1քմ-ի համար գինը մեկնարկում է 300-500 դրամից: Քաջազնունի փողոցում ձևավորված նորաբաց շուկայում տեղերի մեծ մասն ազատ է, այստեղ տեղից ու եկամուտից չեն բողոքում:


Փողոցային առևտրի համար հիմնականում ընտրվում են մեծ ու փոքր խանութների հարևանությամբ տարածքները, քանի որ այս վայրերում անցուդարձը շատ է, հետևաբար նաև հաճախորդներն են շատ: Սակայն հարկային պարտավորություններից նրանք իրենց հեռու են պահում:


Համայնքն այժմ առևտրականների հետ քննարկում է նաև նոր շուկաներ բացելու խնդիրը՝ պայմանով, որ մայթերին այլևս փողոցային առևտուր չլինի:


Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանը կշարունակի այնքան ժամանակ, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի: Միաժամանակ հասկանալի է, որ բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է նաև քաղաքացիներից. պետք չէ գնել փողոցում վաճառվող ու առողջության տեսակետից վտանգավոր մթերքը:

Տեսանյութ

Ուժեղացված ստուգայցեր՝ փողոցային ապօրինի առևտրի վերացման նպատակով