Օպտիմալացում՝ քաղաքապետարանի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում. կայացել է Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կարվի օպտիմալացում: Երևանի ավագանին այսօր կայացած հերթական նիստում հավանություն տվեց որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր հերթին գործառույթը կդարձնի առավել վերահսկելի և թափանցիկ:
***
Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի իրականացման ու քաղաքի 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունները: Հարկ է նշել, որ, մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, զույգ նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ:
Ներկայացնելով 2021թ. բյուջեի կատարման հաշվետվությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի պլանավորման, ինչպես նաև գնումների գործընթացը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բարեփոխումների նոր համալիր ծրագրեր են նախաձեռնվել մի շարք ոլորտներում:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն, իր հերթին անդրադառնալով 2021թ. բյուջեի փաստացի եկամուտներին, իրականացված ծախսերին ու կատարողականին, ընդգծել է, որ քաղաքի համար կարևոր ծրագրերը ժամանակին ու լիարժեք կյանքի կոչելու համար հարկավոր են համալիր լուծումներ, ինչն էլ համայնքն այսօր նախաձեռնել է. հաշվի կառնվեն բոլոր ռիսկերը, կլինեն համակարգային փոփոխություններ ու աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ:
«60 %-ը գնումների ճիշտ կազմակերպման հետ կապված խնդիրն է և 40 %-ը՝ մարդկային գործոնի, որոնք կարող են ազդեցություն ունենալ ելակետային արդյունքի վրա: Այս պահի դրությամբ իրականացվում են փոփոխություններ և ընդհանուր պատկերացումը կներկայացվի Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին»,- նշել է քաղաքապետը:
***
Օրակարգի 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով հաստատվեցին քաղաքի համար կարևոր հավելյալ մի քանի ծախսային ծրագրեր: Մասնավորապես, կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ, կտեղադրվի 426 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի շուրջ 3.2 մլրդ դրամ, ձեռք կբերվի ժամանակակից 10 նոր տրոլեյբուս, Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով էլ կհատկացվի 190 մլն. դրամ, ինչպես նաև կմաքրվի տարածք: Ընթացիկ տարում վարչական շրջաններում կկառուցվի մինի ֆուտբոլի 20 նոր խաղադաշտ և թենիսի 2 կորտ՝ Շենգավիթ վարչական շրջանում, որոնց համար համայնքային բյուջեից, համապատասխանաբար, կհատկացվի հավելյալ 140 և 61 մլն. դրամ: 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում, ինչպես նաև կհիմնանորոգվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները: Այս տարի շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը: Բացի այդ, երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց:
***
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվեն ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Էլմիրա Հեքեքյանի, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Թերեզա Միրզոյանի, ազատամարտիկ, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի, ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանի, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Մուսախանյանի, հայ օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վահան Միրաքյանի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հրաչյա Սաղաթելյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Հրաչյա Աշուղյանի և ՀԽՍՀ վաստակավոր շինարար, ճարտարապետության դոկտոր Տիրան Մարությանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 1-ին փողոցն այսուհետ կկրի պետական, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի և Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի, Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունը:
***
Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի ապրիլի 19-ին: