Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է «Երևան Տոնավաճառ» առևտրի կենտրոնը

27.10.2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել «Երևան Տոնավաճառ» առևտրի կենտրոնի բացմանը, որի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը:

Կենտրոնի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «ՍԻԼ Կոնցեռն» ընկերության համասեփականատեր Ռոբերտ Սուքիասյանին: Հանրապետության Նախագահին և Երևանի քաղաքապետին շրջայցի ընթացքում հիշյալ ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքները, կատարված ներդրումները, բացված նոր աշխատատեղերը, ինչպես նաև զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները: Նշվել է, որ 2016թ. հունվարից մինչև հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200.000 ՀՀ դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Կառույցի այս փուլի ներդրումները, պատասխանատուների հավաստմամբ, կազմել են շուրջ 2 մլրդ 500 մլն ՀՀ դրամ: Երկրորդ փուլի իրականացման արդյունքում 2017թ. ամռանը Երևանը կունենա 43 000 քմ տարածքով, 850 մանրածախ և մեծածախ առևտրի համար նախատեսված վաճառքի տաղավարներով հագեցված և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող տոնավաճառ, որտեղ կբացվի շուրջ 1000 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին