Մայրաքաղաքում բացվել է մանկական ուղեղային կաթված ունցող երեխաների համար նախատեսված «Երազի տուն» կենտրոնը

03.03.2017

Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված «Երազի տուն» վերականգնողական և զարգացման կենտրոնի պաշտոնական բացումը: Նոր կենտրոնը վերակառուցվել է Երևանի քաղաքապետարանի, «Հայ մայրեր» ՀԿ-ի, մի շարք կազմակերպությունների և անհատների ջանքերով: Միջոցառմանը ներկա են գտնվել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

«Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը նշել է, որ «Երազի տան» վերակառուցման և տեղափոխման աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի սկզբին և ավարտին են հասցվել 2017 թվականի փետրվարին: Նոր կենտրոնը կկարողանա սպասարկել «Հայ մայրեր» ՀԿ ավելի քան 260 շահառուներին: Հարկ է նշել, որ այսուհետ օգնություն կցուցաբերվի ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին, ովքեր կկարողանան ստանալ հոգեբանի խորհրդատվություն և մասնակցել տարբեր սեմինարների և դասընթացների, ինչն, ի դեպ, 2017 թվականին կներառվի նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ամենամյա ծրագրում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին