Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:
Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մամինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի միջնամասում:
Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը:
Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իր շնորհակալությունն է փոխանցել բոլոր աշխատանքների հեղինակներին. «Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որևէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց և որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին»,-ասել է փոխքաղաքապետը: