Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

29.08.2016

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2016-2017 ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են:

 Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ: Սահմանված ժամկետում ավարտվել են նաև դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները: Առողջապահության վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով:
 Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ: Բացի այդ, զեկուցվել է, որ հիմնականում ավարտվել են նաև մատակարար կազմակերպությունների հետ համատեղ դպրոցական բուֆետների վերանորոգման և կահավորման աշխատանքները:
 Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում Առաջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին հանձնարարել է խստորեն վերահսկել ու կանխարգելել նոր ուսումնական տարվա առիթով դրամահավաքության հնարավոր բոլոր դեպքերը:
 «Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նախատեսված միջոցառումներն, անշուշտ, անհրաժեշտ են ու ողջունելի, բայց ավելորդ ճոխություններն ուղղակի անթույլատրելի են: Ըստ այդմ, նախազգուշացրեք դպրոցների տնօրեններին ձեռնպահ մնալ ավելորդ ճոխություններից, այդ թվում նաև խստորեն հետևելով դրամահավաքներ կազմակերպելու արգելման մեր պահանջի կատարմանը: Ամեն ինչ պետք է լինի համեստ և լրացուցիչ բեռ չպետք է առաջացնի մեր համաքաղաքացիների համար», - ընդգծել է քաղաքապետն ու նախազգուշացրել, որ սահմանված կարգը խախտողները խստորեն կպատժվեն:
 Խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նաև սեպտեմբերի 1-30-ը երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպել անվտանգ երթևեկության միամսյակ և ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կրթօջախների հարակից տարածքներում սահմանել ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել՝ հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան