Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավարի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները:
Ողջունելով հյուրին և ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը: Այս տեսանկյունից Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ Երևանում նոր ճոպանողու կառուցումն էական նշանակություն կունենա նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:
«Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երևանը՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կնպաստի ոլորտի զարգացմանը: Երևանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորին աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Վալերի Յաշինն իր հերթին նշել է, որ ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվել աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում: Նա նաև նկատել է, որ, հաշվի առնելով Երևանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն