Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Նոր Արաբկիր զբոսայգին
Հիմնանորոգումից հետո հարմարավետ ու բարեկարգ պայմաններով բնակիչների տնօրինմանն է հանձնվել Նոր Արաբկիր զբոսայգին, կամ ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին:
Ծրագրի ծավալները մեծ էին, անելիքը շատ. հանգստի գոտու նպատակային նշանակությունը վերականգնելու համար ցուցաբերվեց բարեկարգման համալիր մոտեցում: Ստեղծված պայմաններին աշխատակազմի ներկայացուցիչների ու Երևանի ավագանու անդամների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Այս ընդհանուր միջավայրում տարբեր ծառայություններ են աշխատել, դա մեր ջրային կառույցն է, որը պատասխանատու էր շատրվանային համալիրների համար, շինբարեկարգման վարչությունն է, կանաչապատումը, ինչպես նաև շինարարը, որը բուն շինարարությունն է իրականացրել: Իմ միակ խնդրանքն է, որ խնամքով վերաբերվեն այգուն, որպեսզի կարողանանք երկար տարիներ պահպանել այն և համայնքային բյուջեից հավելյալ միջոցներ չտրամադրենք, փոխարենն այդ միջոցներն ուղղենք այլ խնդիրների լուծման համար»,- նշում է քաղաքապետը:
Հանգստի այս գոտու տնօրինումն ու խնամքն, ի դեպ, տասնամյակներ շարունակ հանձնված էր մասնավորին: Տնօրինումը՝ տնօրինում, սակայն խնամք ընդհանրապես չէր ապահովվել: Հանձնված լինելով վարձակալների, այնուհետև ենթավարձակալների տնօրինմանը՝ այգում տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ։
«Այգին 50 տարվա վարձակալության պայմանագրով տրված էր մասնավորին, և մենք նկատում էինք, որ օրեցօր այգին հետընթաց է ունենում, և արդեն խնդիր էր առաջանում կանաչապատ տարածքների պահպանության հարցում: 2018թ. հետո քաղաքական թիմը խոստացել էր, որ հանրային տարածքները հանրությանն է վերադարձվելու, և սա այդ մոտեցման ամենատիպիկ օրինակն է: Բանակցեցինք, մասնավորի հետ եկանք համաձայնության, և նա վերադարձրեց այգին»,- նկատում է Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը:
Տարիների ընթացքում զգալիորեն նվազել էր այգու կանաչ մակերեսը: Տարածքում կան բնիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես կանաչ տարածքի վերականգնումը թիվ մեկ խնդիրներից էր։
«Կանաչապատումն այստեղ հսկայածավալ աշխատանք է կատարել: Վեց ամսվա ընթացքում այստեղից մոտ 200 մեքենա աղբ է տեղափոխվել: Ավելացրել ենք ծաղկանոցները, կատարել են սանիտարական էտ: Առանձին տեղամաս ենք այստեղ ունենալու, այսինքն այգին մշտական խնամքի ու հսկողության տակ է լինելու կանաչապատման աշխատակիցների կողմից: Եվ կանաչը, և ջուրը լուծում են միկրոկլիմայի հարց, պատկերացրեք, թե ինչ քանակությամբ փոշի է կլանում: Սա շատ կարևոր բաղադրիչ է քաղաքի էկոլոգիական վիճակի հետ կապված»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Ծրագրի շրջանակում հանգստի գոտին ապահովվել է ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, կառուցվել են թեքահարթակներ, բարեկարգվել են ճեմուղիները:
Ծրագրի շրջանակում վերագործարկվել են շատրվաններն ու ջրթափները, վերանորոգվել է «Նոր Արաբկիր» հուշարձանը:
«Այգին բարեկարգել ենք համայնքային բյուջեի միջոցներով և այսօր, ըստ էության, այն նվիրում ենք բնակիչներին: Մենք մեր ծրագրերի միջոցով փորձելու ենք այլ վարչական շրջաններում ևս հանգստի գոտիները վերականգնել, ինչպես նաև նոր շատրվանային համալիրներ ու հանգստի անկյուններ ձևավորել: Կանաչապատման ոլորտում մենք Երևանում ունենք խնդիր, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդլայնենք կանաչապատման ծավալները, որպեսզի մեր երեխաները մեծանան լավ միջավայրում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Կարևոր ու սպասված այս ծրագրի կյանքի կոչման հարցում համայնքի գործընկերը դարձան նաև տարածքի բնակիչները: Շինարարական աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել նաև նրանց, ըստ էության՝ ծրագրի հիմնական շահառուների դիտարկումները:
«Շինարարական աշխատանքների ժամանակ տարածքի բնակիչները մեզ հետ շրջում էին և այն խնդիրները, որոնք նրանք ամեն օր էին տեսնում, բարձրաձայնում, փորձում էինք դրանք էլ լուծումների մեջ ներառել: Շնորհակալություն եմ հայտնում բնակիչներին մեզ աջակցելու համար: Ցանկալի է, որ բարեկարգման մեր մյուս ծրագրերի հարցում ևս քաղաքացիներն ակտիվ մասնակցություն ունենան, որովհետև սա իրենց համար է, իրենց հարկերի շնորհիվ է , և իրենք են վայելելու»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:
Երևանյան հանգստի գոտիների վերականգնման հարցում քաղաքային իշխանությունների մոտեցումը հստակ է, նախաձեռնված ծրագրերը՝ ծավալուն: Վերաբացվող այգիների շարքը փուլ առ փուլ կհամալրվի նոր հասցեներով: