Հանձնարարվել է տարածքներ առանձնացնել շների զբոսանքի կազմակերպման համար

14.08.2017

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում և պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երևույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը հիմնականում անց են կացնում այգիներում և պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաև ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երևույթների հետ կապված:
Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաև ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ և կկազմակերպվեն շների զբոսանքները: Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին և համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին:
«Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթևեկության վրա: Նախորդ տարիներին Երևանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց և մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք և համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ