Երևանյան համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքները:
Մայրաքաղաքի մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, կրթօջախների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 14550 անձ: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, պարկերով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով: Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 121 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն