«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարը:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնը կանցկացվի 8 մարզաձևերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ ատլետիկա:
Մինչ եզրափակիչ փուլը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Փառատոնի առաջին օրը պայքարի մեջ են մտել վարչական շրջանների ներքին մրցումներում հաղթող ճանաչված վոլեյբոլի թիմերը: «Երևանի թռչող գնդակ» կոչվող վոլեյբոլի մրցաշարը կտևի շուրջ 1 շաբաթ: Տարբեր մարզաձևերից մարզական այս միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:
Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգևատրվեն նաև առանձին մարզաձևերում հաղթած թիմերը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն նաև մեդալներ ու պատվոգրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն