«Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ». Հայկ Մարության

14.10.2019

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը: 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս ամիսների ընթացքում և հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը Երևանում, մասնավոր կազմակերպություններին ու այլ քաղաքների գործընկերներիս, որոնք կանգնած էին մեր կողքին անշահախնդիր ու ամեն ինչ անում էին քաղաքի համար: Անչափ շնորհակալ եմ նաև քաղաքի բնակիչներին, որոնք համբերատար սպասում էին խնդրի լուծմանը: Ես զգացի այդ համախմբվածությունը, այդ ջերմությունը, որ ցուցաբերում էին նրանք: Եվ սա ևս մեկ անգամ ավելի ուժեղացրեց մեր քաղաքը: Սա շատ կարևոր հաղթանակ էր ոչ թե մեզ, այլև մայրաքաղաքի համար: Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ»,- նշել է քաղաքապետը:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ 2019-ի մարտ ամսից մինչ օրս պատվաստվել, ստերջացվել, քարտեզագրվել և համարակալվել է շուրջ 2000 շուն: Աշխատանքների ծավալը հատում է 60%-ի սահմանը:
«Ընկերությունն իսկապես շատ արդյունավետ աշխատանք է իրականացրել: Անչափ կարևորում եմ այս փաստը, որովհետև մենք նպատակ ունեինք, որ սպանդը պետք է վերացնենք, և մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն էինք վերցրել: Շնորհիվ ամբողջ անձնակազմի ջանքերի, կարողացանք այս ճանապարհը հաղթահարել»,- նշել է Հայկ Մարությանը:
***
Ավարտվել է փորձնական ծրագրով 20 վերելակների տեղադրման մրցութային գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ մատակարարների հետ պայմանագրերն արդեն կնքված են:
***
Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ գործնական քայլեր ձեռնարկել՝ նոր երթուղային ցանցի իրագործման համար անհրաժեշտ ավտոբուսների արտադրության, գնային քաղաքականության ու հետագա սպասարկման հետ կապված:
***
Անդրադառնալով ընթացիկ տարում կանաչապատման ոլորտում առաջացած խնդիրներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը հորդորել է գույքագրել և 2020թ. ծրագրերում նախատեսել համակարգի արդիականացման աշխատանքներ:
***
«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 180 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 26 մլն 160 հազար դրամ: Ընդհանուր առմամբ անցած չորս ամիսների ընթացքում Երևանի 6 վարչական շրջաններում կատարված գույքագրման արդյունքում ընկերության մուտքերն ավելացել են շուրջ 104 մլն դրամով: Կարևորելով գործընթացը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հետևողական աշխատանքի համար:
***
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. քաղաքապետին զեկուցվել է, որ տոնական ու մշակութային միջոցառումներով լեցուն կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:

***
Հոկտեմբերի 24-26-ը Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Թումանյանական օրեր Թբիլիսիում» մշակութային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Մշակութային ծրագրի շրջանակում նախատեսված են հիշատակի մի շարք արարողություններ, այցելություն Թիֆլիսի հայկական պատմամշակութային վայրեր՝ Սուրբ Գևորգ եկեղեցի, հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, իսկ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կկայանա հայ և վրացի մտավորականների հանդիպումը: Նույն օրերին Վանաձորում կկայանան «Երևանի օրերը», որոնք ևս հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով: Հանձնարարվել է աշխատանքներ տանել՝ մշակութային կարևոր այս երկու նախաձեռնությունները հավուր պատշաճի իրականացնելու համար:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին