Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կենտրոնները կգործեն նաև ամանորյա և սուրբծննդյան օրերին

24.12.2019

Ամանորն ու Սուրբ ծնունդը Երևանում անցկացնող զբոսաշրջիկներին ուղղորդելու նպատակով Հանրապետության հրապարակին կից սուրբծննդյան տոնավաճառի տարածքում՝ 2-րդ համարի տնակում սկսել է գործել մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնը: Այն բաց կլինի ամեն օր՝ ժամը 11:00- 20:00 –ը, մինչև 2020թ. հունվարի 13-ը:

Ամանորյա և սուրբծննդյան տոն օրերին զբոսաշրջային հոսքեր ապահովելու նպատակով համայնքային ենթակայությամբ գործող Երևանի պատմութան թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Ժամանակակից արվեստի թանգարանը կգործեն 2020 թվականի հունվարի 2, 3, 4 և 5 ին՝ ժամը 11:00-16:00-ն:
2019թ. հունվար-սեպտեմբերին այցելությունների բացարձակ թվաճ ապահոված երկրների եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը, որոնց հաջորդում են ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան:
Համաձայն վիճակագրության՝ Երևանի զբոսաշրջային կենտրոնների գործունեության ընթացքում 2019թ. հունվարի 2-ից մինչև դեկտեմբերի 20-ը սպասարկվել է շուրջ 37.344 այցելու՝ աշխարհի 75 երկրից: Զբոսաշրջիկներին տրամադրվել են բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, Երևանում կազմակերպվող համերգների, միջոցառումների ծրագրեր, ուղեցույցներ, Երևանի հիմնադրման 2801-ամյակի միջոցառումների, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, Կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների ուղեցույցներ:
Համեմատական վերլուծությամբ՝ զբոսաշրջիկների հոսքը 2019թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 3,135,506 մարդ` ապահովելով 14.8 % աճ 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152 կամ աճը նախորդ տարվա համեմատ եղել է 14.4%:

Լուսանկարներ

Տեսնել ավելին