Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղիկներ են խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Հարկ է նշել, որ Արաբկիր վարչական շրջանում հուշարձանը տեղադրվել է 2015թ.-ին: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված այս հուշարձանը երախտիքի յուրօրինակ նշան է՝ հոգատար այն վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց Լենինգրադի բլոկադայից հրաշքով փրկված ու Հայաստանում ապաստան գտած շատ երեխաների հանդեպ:
Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև խորհրդանշական եղևնի են տնկել այգում:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հանդիպել են լենինգրադյան բլոկադայից փրկված ու տասնամյակներ շարունակ Երևանում բնակվող վետերանների հետ: Օգտվելով առիթից` վետերանները շնորհակալություն են հայտնել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար: Իր հերթին առողջություն մաղթելով նրանց` քաղաքապետն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել բոլոր վետերաններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն