Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

15.04.2022

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

 

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրեր: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի:


Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ գործընկերային կապերին:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:

Լուսանկարներ