Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

23.10.2018

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Էրեբունի վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Էդգար Մկրտչյանին և աշխատակազմին` կատարված աշխատանքի համար, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ իր կողմից միշտ գնահատվում է այն ամենը, ինչ արվել է Երևանի զարգացման ու մայրաքաղաքի բնակիչների համար. «Գիտեմ, որ մեծ աշխատանքներ արվել են, գիտեմ, որ հոգատար եք եղել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների նկատմամբ, ինչն անչափ կարևորում եմ: Մեր մայրաքաղաքն ունի 2800-ամյա պատմություն, և մենք, ապրելով Երևանում ու աշխատելով միասին Երևանի համար, պետք է ապացուցենք մեր քաղաքի բնակիչներին, որ այդ պատմությունը շարունակվելու է՝ գրանցելով նոր ձեռքբերումներ»:
Շնորհավորելով Արման Աբրահամյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ` Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ նա աշխատակազմի հետ միասին կանի հնարավորը, որպեսզի վարչական շրջանը շարունակի զարգանալ:
«Պարոն Աբրահամյանը Երևանը սիրող, շատ պատասխանատու, բնակիչների խնդիրներն իմացող անձնավորություն է և, բնականաբար, գիտի, թե ինչպես է պետք լուծել այդ խնդիրները: Կխնդրեմ ձեր աջակցությունը Արման Աբրահամյանին՝ աշխատանքի մեջ, որպեսզի վարչական շրջանը, պահպանելով այն, ինչին հասել է, գնա առաջ և զարգանա»,-ընդգծել է Հայկ Մարությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին