Երևանի հ. 200 դպրոցն արդեն Լեոնիդ Ազգալդյանի անվան է
Դավթաշեն վարչական շրջանում գտնվող հ. 200 հիմնական դպրոցն այս տարվա հուլիսին Երևանի քաղաքապետի որոշմամբ անվանակոչվեց ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով:
Այսօրվանից արդեն այդ մասին կհուշի նաև դպրոցի ցուցատախտակը, որի բացման պատիվը վերապահվել է Լեոնիդ Ազգալդյանի քրոջը՝ Նելլի Ազգալդյանին: Դպրոցի անվանակոչման առաջարկը Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանինն է եղել:
Կրթօջախի սաների մասնակցությամբ հերոսի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ԱԺ պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի աշխատակազմի անդամներ, Ազգալդյանի մարտական ընկերներն ու հարազատները: Դպրոցում այժմ սովորում է ավելի քան 1300 աշակերտ: