Եղիշե Չարենցի 120-ամյակի միջոցառումները` մայրաքաղաքի դպրոցականների մասնակցությամբ

13.03.2017

Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշարձան են այցելել մայրաքաղաքի հիմնական դպրոցների աշակերտները։ Բանաստեղծի 120-ամյակի առթիվ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են Չարենցի հայտնի ստեղծագործությունները: Հարկ է նշել, որ ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում այս օրը միաժամանակ մեկնարկող միջոցառումներն ամփոփվել են «Ես իմ անուշ Հայաստանի» միասնական ընթերցմամբ: 

Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել նաև մեծանուն գրողի անվան համար 67 հիմնական դպրոցում:
Միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ուսուցչական անձնակազմին, ընդգծել է սերունդների հայրենասիրության ու մտածելակերպի ձևավորման հարցում Չարենցի գրականության կարևոր դերը:
«Չարենցն ու նրա թողած գրական ժառանգությունը խորապես ազգային լինելով հանդերձ նաև համամարդկային ու համաշխարհային արժեք է: Եվ ես իրապես մեծ հույս ունեմ, որ այն ոգին, որն առկա է Չարենցի խելահեղ տրամաբանության մեջ, կիշխի նաև մեր նոր սերնդի մեջ»,-նշել է Արամ Սուքիասյանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին