Բարեփոխումներ՝ պոլիկլինիկաներում
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 24 պոլիկլինիկա է գործում: Դրանց գրեթե 80 տոկոսի պայմաններն ու խնդիրները միանման են: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով հենց տեղերում իրականացվել է նախնական կարիքների գնահատում, սահմանվել են առաջնահերթությունները: Ընթացիկ տարում ծրագրեր կիրականացվեն տարբեր ուղղություններով:
«Ինչպես տեսնում եք, անմխիթար, տասնյակ տարիների բարձիթողի վիճակի արդյունք է: Ունենք քաղաքական կամք, որոշում՝ ազատվել այս վիճակից, փոշոտ միջավայրից, որպեսզի առաջնային օղակի հաստատությունները վստահություն ներշնչեն քաղաքացիներին. առաջնահերթ շենքային բարեկեցիկ պայմանների ապահովում, բժշկական սարքավորումների տրամադրում, ինչպես նաև մասնագիտական կադրերով հագեցվածություն՝ ներգրավելով երիտասարդ մասնագետների»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կմեկնարկեն երևանյան երկու պոլիկլինիկայում: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Նորք-Մարաշ վարչական շրջանի միակ՝ թիվ 5 պոլիկլինիկան շահագործման է հանձնվել 60-ական թվականներին: Համաբուժարանն այսօր սպասարկում է շուրջ 12200 բնակչի: Ավանի թիվ 12 պոլիկլինիկան ևս միակն է վարչական շրջանում: 70-ական թվականներին կառուցված բժշկական այս հաստատություն այցելում է տարեկան շուրջ 47000 քաղաքացի:
Վճարովի ծառայություններից գոյացած միջոցներով Ավանի պոլիկլինիկայում որոշ աշխատանքներ կատարվել են, սակայն հաշվի առնելով ծավալը՝ տասնամյակների կուտակված խնդիրներին համալիր լուծում տալը հնարավոր կդառնա համայնքի միջոցներով:
«Առաջնային օղակն ամենաանկյունաքարային օղակն է, որովհետև շատ տրիվիալ է, որ կանխարգելումն ավելի էժան է, ծախսարդյունավետ է, ինչպես նաև թույլ է տալիս խուսափել հիվանդության բարդ ընթացքից, հաշմանդամությունից, թանկարժեք վիրահատություններից, որոնք երկարատև հետվիրահատական ու վերականգնողական շրջան են ենթադրում՝ դրանով խնայելով ռեսուրս, քաղաքացու առողջություն, կյանք, ինչպես նաև հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը թույլ կտա նվազեցնել, հիվանդանոցներում սարսափելի հերթեր են, իսկ դրա պատճառներից մեկը առաջնային օղակի ոչ լիարժեք աշխատանքն է»,- ընդգծում է Գևորգ Սիմոնյանը:
Տարեկան շուրջ 1 մլն 400.000 քաղաքացի է այցելում համայնքային պոլիկլինիկաներ: Լիարժեք առաջնային օղակ ունենալու համար համայնքն այսօր ձեռնարկել է նաև բոլոր գործընթացների թվայնացում, մարդկային ներուժի գնահատում և համապատասխանեցում առկա մարտահրավերներին, բժշկագիտության ժամանակակից մոտեցումների ներդրում, ռեբրենդինգ՝ նոր անվանում, համընդհանուր մեկ ոճ, օպտիմալ կառավարմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ: Համալիր ու հիմնարար լուծումների արդյունքում միայն հնարավոր կդառնա պոլիկլինիկաները քաղաքացիների համար դարձնել առավել հասանելի և վստահելի։