Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10 շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն

19.12.2018

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքում բնակվում է 85 ընտանիք: 

«Ավելի քան 30 տարի բնակվում ենք այստեղ, կան նաև երիտասարդ ընտանիքներ: Շենքում ապրելն ուղղակի վտանգավոր է դարձել: Շենքի հիմնական պատերի ճաքերը տեսանելի են թե՛ շենքի ճակատային մասից, թե՛ միջանցքներում և նաև սենյակներում»,-ասում են շենքի բնակիչները:
Նույն խնդրի առջև են այսօր կանգնած նաև Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի շենքի բնակիչները:
Երևանի քաղաքապետարանը խնդրին ծանոթ է: Տեղում նաև այցեր են եղել: Լուծումը մեկն է. առաջիկայում շենքի բնակիչները կվերաբնակեցվեն: Այս և վերաբնակեցման հետ կապված այլ մանրամասներ են քննարկվել բնակիչների հետ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսանն ու փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Այն պայմանները, որում այսօր ապրում եք դուք և ձեր երեխաները, պարզապես անընդունելի են: Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ ծրագրի շնորհիվ, իհարկե, կբարելավեն ձեր բնակարանային պայմանները, սակայն, պետք է հիշեք նաև, որ ծրագրի նպատակն առաջնահերթ անվտանգության ապահովումն է»,- նկատում է Հրաչյա Սարգսյանը:
Վերաբնակեցումն առաջարկվում է իրականացնել երկու փուլով: Առկա բնակարանային ֆոնդից առաջին հերթին բնակարաններ կստանան մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներն ու հաշմանդամություն ունեցողները, հետո արդեն մյուս ընտանիքները՝ ըստ վիճակահանության:
Ընտանիքների մի մասը, սակայն, ստիպված կլինի սպասել ծրագրի երկրորդ փուլին: Նախքան վերաբնակեցումը նրանք կտեղափոխվեն վարձակալած բնակարաններ, որոնց վարձավճարը կտրամադրի Երևանի քաղաքապետարանը: Բնակիչների հետ էլ կկնքվեն հատուկ պայմանագրեր, որտեղ հստակ կնշվի, թե երբ, որ շենքում և ինչպես կստանան իրենց բնակարանները:
Խոսելով բնակիչներին ամենից շատ հետաքրքող բնակարանների բաշխման սկզբունքների մասին՝ Հայկ Սարգսյանն ընդգծել է՝ արվելու է առավելագույնը, որպեսզի ապահովվի հավասարության սկզբունքը:
«Ցավոք, մեր բնակարանային ֆոնդը սահմանափակ է: Ուստի վերաբնակեցումը պետք է իրականացնենք հաշվի առնելով մեր ռեսուրսներն ու առկա հնարավորությունները: Միաժամանակ նշեմ, որ 2020 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել կառուցվող նոր շենք, որը հնարավորություն կտա ավարտել ձեր շենքի բնակիչների վերաբնակեցումը»,-ասում է Հայկ Սարգսյանը:
Թե կոնկրետ երբ կմեկնարկի վերաբնակեցման գործընթացը՝ մեծապես կախված է բնակիչների՝ առաջարկվող տարբերակների շուրջ որոշումից:

 

Տեսանյութ

Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10 շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն
Տեսնել ավելին