Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.01.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

61-Ա 12.01.2018թ.
    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով՝
1.Սահմանել, որ.
1)Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոցներ) արտադպրոցական դաստիարակության ծառայություններ են համարվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլաններում ներառված դասաժամերի անցկացման այն նվազագույն քանակը, որը պարտադիր է ավարտական դասարանի տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար.
2)Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ. 89-Ն որոշման  1-ին կետի 11-րդ ենթակետի «է» պարբերությամբ սահմանված ծառայություն է համարվում (երկրորդ գործիք) ուսումնական պլանով սահմանված բացառապես մասնագիտական առարկայի ուսուցումը.
3)ուսումնական տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ից և ընթանում է 10 ամիս.
4)դպրոցներում ավարտական քննությունների վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը.
5)դպրոցներում յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է մինչև սեպտեմբերի 5-ը.
6)Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ. 90-Ն որոշման  1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված արտոնությունները կիրառվում են սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետներում դպրոց ընդունված երեխաների համար.
7)դպրոց ընդունված է համարվում այն երեխան, որի համար երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ժամկետներում դպրոց է ներկայացրել երեխայի անձնական գործում ներառվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հ.1 հավելվածի, դպրոցի տնօրենի հետ կնքել է արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ համաձայն հ. 2 հավելվածի և սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով սահմանված ժամկետներում վճարել է տեղական վճարը (ուսման վարձ).
8)դպրոցներում գործում է «Արտադպրոցական հաստատություն» էլեկտրոնային համակարգը (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ).
9)դպրոցներում սովորող երեխաների հաշվառման կազմակերպումը  էլեկտրոնային համակարգում իրականացվում է՝ համաձայն հ.3 հավելվածով հաստատված կարգի.
10)դպրոց ընդունված, ուսումնական տարվա ավարտին հաջորդ դասարան փոխադրված, մեկ այլ դպրոցից դպրոց տեղափոխված, նույն դպրոցում բաժնից մեկ այլ բաժին տեղափոխված երեխաների հաշվառման նպատակով՝ դպրոցի տնօրենը կազմում է համապատասխան հրամաններ, որը համարակալվում է ըստ ամսաթվի, աճողական կարգով։ Հրամանների հաշվառման նպատակով` դպրոցը վարում է հրամանագիրք, որը պետք է լինի էջակալված, կարված և հաստատված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ստորագրությամբ և աշխատակազմի մշակույթի վարչության դրոշմակնիքով։ Հրամանների անցկացումը հրամանագրքում խմբավորվում են ըստ ամսաթվերի և հետևյալ խմբավորման տեսակների՝ ընդունման հրամաններ, դասարանից հաջորդ դասարան փոխադրման հրամաններ, բաժնից մեկ այլ բաժին, մեկ այլ դպրոցից դպրոց տեղափոխությունների հրամաններ, ավարտածների և դպրոցից դուրս եկածների հրամաններ.
11)դպրոցի տնօրենը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 16-ը (եթե 15-ը համարվում է ոչ աշխատանքային օր՝ ապա 15-ին հաջորդող առաջին աշխատանքային օրը), իսկ 2018 թվականի հունվար-հունիս ամիսների համար՝ մինչև 2018 թվականի հունվարի 16-ը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն է ներկայացնում դպրոցի տնօրենի կողմից ստորագրված և կնքված՝ ըստ բաժինների և դասարանների դպրոցում սովորող, ինչպես նաև նոր ընդունված երեխաների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն հ. 4 հավելվածի.
12)դպրոցի տնօրենը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 16-ը (եթե 15-ը համարվում է ոչ աշխատանքային օր՝ ապա 15-ին հաջորդող առաջին աշխատանքային օրը), իսկ 2018 թվականի հունվար-հունիս ամիսների համար՝ մինչև 2018 թվականի հունվարի 18-ը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն է ներկայացնում դպրոցի տնօրենի կողմից ստորագրված և կնքված՝ դասատուների տարիֆավորակավորման ցուցակ՝ համաձայն հ.5 հավելվածի /աղյուսակներ հ.հ.1,2,3,4/.
13)Երևանի քաղաքապետարանի ենթակայության մեկ դպրոցից մեկ այլ դպրոց տեղափոխման կարգով ընդունելությունը անհրաժեշտ է կազմակերպել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության գրավոր համաձայնությունը ստանալուց հետո, ընդ որում տեղափոխությունը իրականացվում է երեխայի օրինական ներկայացուցչի կողմից համապատասխան դպրոցներ դիմումը մուտքագրելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
14)արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ. 89-Ն որոշմամբ սահմանված մեկ երեխայի հաշվարկով տեղական վճարները (ուսման վարձ) Երևան քաղաքի բյուջեի համապատասխան հաշվեհամարին  վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև ընթացիկ ամսվա 6-ը (եթե 5-ը համարվում է ոչ աշխատանքային օր՝ ապա 5-ին հաջորդող առաջին աշխատանքային օրը), բացառությամբ 2018 թվականի հունվար ամսվա վճարի, որի վճարման ժամկետն է՝ մինչև 2018 թվականի հունվարի 16-ը.
15)տեղական վճարը վճարվում է Երևան համայնքի համապատասխան դպրոցի անվամբ բացված գանձապետական հաշվեհամարին,  յուրաքանչյուր երեխայի համար առանձին, վճարման պահանջագրի վճարման նպատակը մասում պարտադիր նշելով դպրոցի անվանումը, երեխայի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, արտադպրոցական ծառայության տեսակը (մասնագիտական բաժին), դպրոցի և երեխայի օրինական ներկայացուցիչի հետ կնքված պայմանագրի համարը։
Առաջանցիկ վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է նշել նաև այն ամիսները, որոնց համար կատարվում են վճարում։ Կարող է նշվել նաև դասատուի անունը, ազգանունը.
16)եթե երեխան ընտրում կամ արդեն իսկ ստանում է ուսումնական պլանով սահմանված ամբողջական ծավալով (բոլոր առարկաների ուսուցում) մեկից ավելի արտադպրոցական դաստիարակության ծառայություններ (օրինակ՝ դաշնամուրի բաժին և կերպարվեստի բաժին), ապա վճարումը կատարվում է ըստ յուրաքանչյուր ծառայության համար Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի  հ. 89-Ն որոշմամբ սահմանված մեկ երեխայի հաշվարկով տեղական վճար.
17)վճարը կարող է վճարվել միայն ընթացիկ ֆինանսական տարվա (ընթացիկ տարվա՝ հունվար-դեկտեմբեր) առաջանցիկ մի քանի ամիսների համար՝ սույն որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով սահմանված ժամկետում, նշելով սույն որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետով սահմանված տվյալները և ամիսները (ընթացիկ տարվա որ ամիսների համար է վճարվում).
18)տեղական վճարը սահմանված ժամկետում չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում դպրոցի տնօրենը 3 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի կողմին ուղարկում է ծանուցում՝ արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելու մասին, կազմելով երեխայի ազատման համապատասխան հրաման.
19)երեխայի օրինական ներկայացուցչի կողմից ծառայություններից հրաժարվելու դեպքում, առաջանցիկ ամսվա կամ ամիսների համար վճարված գումարները ենթակա են ետ վերադարձման, եթե ծառայություններից հրաժարվելու մասին դիմումը մուտք է եղել դպրոց, վճարում կատարած ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը.
20)դպրոցի տնօրենը յուրաքանչյուր ամիս, մինչև ընթացիկ ամսվա 16-ը (եթե 15-ը համարվում է ոչ աշխատանքային օր՝ ապա 15-ին հաջորդող առաջին աշխատանքային օրը), իսկ 2018 հունվար ամսվա համար՝ մինչև հունվարի 20-ը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն է ներկայացնում դպրոցում սովորող և վճարները կատարած երեխաների թվաքանակի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ըստ բաժինների՝ համաձայն հ. 6 հավելվածի.
21)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և ամփոփում է դպրոցներից ստացված երեխաների թվաքանակի և վճարումների վերաբերյալ տեղեկատվությունը և ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն, որը հիմք է հանդիսանում դպրոցներին ամսական ֆինանսավորում իրականացնելու համար։
2.Հանձնարարել՝
1)Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝
ա.սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել իրենց վարչական շրջանում գտնվող դպրոցներում էլեկտրոնային համակարգի շահագործումը՝ սույն որոշմամբ սահմանված դրույթների համաձայն.
բ.Սահմանել հսկողություն սույն որոշման 1-ին կետի 11-րդ և 20-րդ կետերով սահմանված տեղեկատվության հավաքագրման և ներկայացման նկատմամբ.
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետին՝ վերահսկել դպրոցներում էլեկտրոնային համակարգից օգտվողների գործառույթների իրականացումը և պահպանումը.
3.Սահմանել, որ էլեկտրոնային համակարգի սպասարկումն իրականացնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի հ.1093-Ն որոշման պահանջներով և նշված ընկերության տնօրենը պատասխանատվություն է կրում համակարգի անխափան աշխատանքի համար։
4.Սույն որոշման պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենները ենթակա են կարգապահական պատասխանատվության։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի,  Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքպետի տեղակալ Ա.Սուքիասյանի վրա։  


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ