Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
426-Ա 25.02.2021թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՅ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.135/5 ԵՎ ԳԱԳԱՐԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.135/10 ՀԱՍՑԵՆԵՐԻՆ ԿԻՑ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՔԱՐԵ ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՑԱՆԿԱՊԱՏԸ ԵՎ ՈՒՂԵՓԱԿՈՑՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ /ՔԱՆԴԵԼՈՒ/ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի հ.23/7 հասցեի կառուցապատող «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր Խաչիկ Մարտունի Սահակյանի կողմից 25.01.2021 և 27.01.2021 թվականներին ստացված ահազանգերի հիման վրա, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված տեղատեսությամբ և փաստաթղթային ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեներին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է Երևան համայնքին պատկանող հողամաս, որը ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով:
Նշված փաստի առնչությամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, 22.02.2021 թվականին կազմվել է արձանագրություն, որը նույն օրենսգրքի 256-րդ հոդված պահանջների շրջանակում ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ հիշյալ վարչական գործը քննելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 17.02.2021թ. հ.18-06-Ի/190 և 24.02.2021թ. հ.18-06-Ի/204 գրություններով պատասխանվել է, որ քննարկվող հողամասը գտնվում է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի /6-11 կետեր/ սահմանափակումների ցանկում, հետևաբար այն ծանրաբեռնող շինությունը ենթակա չէ օրինականացման՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջների շրջանակներում:
Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեների սեփականատեր Արկադի Ստանիսլավի Համբարձումյանի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմից, 29.01.2021 թվականին Երևանի քաղաքապետարան առցանց հասցեագրված դիմումով /բանալի՝ 1949637/ խնդրանք է ներկայացվել օրինականացնելու քաղաքացի Արկադի Համբարձումյանի կողմից, Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 հասցեին կից, ինքնակամ կառուցված խնդրո առարկա պարիսպը հիմնավորելով, որ այն փաստացի կառուցվել է քաղաքացի Արկադի Համբարձումյանի կողմից և նշված դիմումով ներկայացված խնդրանքը՝ 23.02.2021թ. հ.18-06/2-10186 պատասխան-գրությամբ մերժվել է:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշման հավելվածի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Նույն որոշման հավելվածի 44-րդ կետի ա) ենթակետի համաձայն՝ ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ, 43-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 58-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Չօրինականացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեներին կից ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը:
2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ, քանդել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեներին կից՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
4. Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել քաղաքացի Արկադի Ստանիսլավի Համբարձումյանից։
5. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ