Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 փետրվարի, 2021 թվական N 337-Ն
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի
N405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» N405-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով`
«5) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա ծառերի, թփերի և կանաչ տարածքների (կանաչ տնկարկներ, բուսածածկ տարածքներ, կանաչ տնկարկների կամ բուսածածկի համար նախատեսված հողաշերտեր) պաշտպանության և դրանց վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման միջոցառումների կազմակերպում:»
2) Հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3) շինարարական հրապարակը կազմակերպվում է հաստատված նախագծի (կամ հատակագծի) հիման վրա, որտեղ շինարարական նախապատրաստական և հիմնական փուլերի իրականացման գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ներառել գեոդեզիական աշխատանքների հիման վրա կատարված մանրամասն հանույթ` շինարարական հրապարակի սահմաններում ներառված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա առանձին կանգնած ծառերի և թփերի նշահարմամբ,»
3) Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«4) շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես հաստատված նախագծով սահմանված ձևով և նույն նախագծով նախատեսված նյութերով։ Նախագծով պաստառի օգտագործում նախատեսված լինելու դեպքում շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես Երևան քաղաքում շինարարական հրապարակների ցանկապատման համար նախատեսված պաստառով, որի ձևավորումը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ և հրապարկվում է Երևանի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման և տպագրման համար նախատեսված ձևաչափով»
4) Հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի ա․ պարբերությունում «պատկեր» բառից հետո լրացնել «, որը պետք է ներառի նաև հաստատված նախագծով նախատեսված՝ օբյեկտի հարակից տարածքների կանաչապատումը՝ ծառերը, թփերը և կանաչ տարածքները» բառերը
5) Հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ ժա. պարբերությամբ՝
«ժա. մինչ կառուցապատումն առկա, ինչպես նաև հաստատված նախագծով նախատեսվող կանաչ տարածքների մակերեսները, ծառերի և թփերի քանակները, տեսակները,»
6) Հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով՝
«11) շինարարական հրապարակի կազմակերպման պահից Կառուցապատողը պետք է կազմակերպի նաև շինարարական հրապարակի սահմաններում ներառված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա ծառերը, թփերը և կանաչ տարածքները մեխանիկական կամ այլ վնասվածքներից պաշտպանելու հետևյալ միջոցառումները.
ա. կանաչ տարածքները եզրագծով ցանկապատել մետաղյա կամ այլ կոշտ նյութերով, բացառությամբ սիզամարգերի միջով խողովակների, մալուխների կամ այլ կապուղիների անցկացման շինարարական աշխատանքների դեպքում։ Ցանկապատի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,5 մետր, այն կարող է ամրացվել մետաղյա կամ փայտե սյուներով, որոնք կարող են որոշակի խորությամբ ամրացվել հողի մեջ այնպես, որ չվնասեն մոտակա ծառի արմատները,
բ. եթե առկա են առանձին ծառեր կամ թփեր իրենց բնաբաժակներով, ապա դրանք ծառի բնից կամ թփից առնվազն 0,5 մետր հեռավորությամբ ցանկապատել փայտե տախտակներով կամ այլ կոշտ նյութերով։ Ցանկապատի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,5 մետր, այն կարող է ամրացվել մետաղյա կամ փայտե սյուներով, որոնք կարող են որոշակի խորությամբ ամրացվել հողի մեջ այնպես, որ չվնասեն մոտակա ծառի արմատները։ Ցանկապատի ամրությունը պետք է բավարար լինի մեխանիկական հարվածներից ծառի բունը կամ թուփը պաշտպանելու համար,
գ. բացառել ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը, ծանր տեխնիկայի կայանումը, բաց գրունտի վրա ասֆալտի, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը։ Նմանատիպ աշխատանքների կատարման հրատապ անհրաժեշտության կամ անխուսափելիության դեպքում շաղախի պատրաստման մակերեսը պետք է ծածկվի հաստ, անջրաթափանց թաղանթով, որով կբացառվի դրա արտահոսքը դեպի կանաչ տարածք, ծառերի և թփերի արմատային համակարգ,
դ. բացառել ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա ծանր տեխնիկայի կիրառումը, որը կարող է հողի վրա ուժեղ մեխանիկական ճնշում գործել և բերել դրանց արմատային համակարգերի վնասման,
ե. բացառել ծառերի և թփերի արմատային համակարգերի հնարավոր տարածման սահմաններում որևէ տեսակի հողի լիցքը, հողի քերումը և արմատային համակարգի մերկացումը։ Ծառի արմատային համակարգի պահպանության մակերեսը հաշվարկվում է ըստ ծառի բնի տրամագծի՝ մինչև 15 սանտիմետրի դեպքում 2 մետր, իսկ 15 սանտիմետրից ավելի դեպքում՝ 3 մետր,
զ. եթե աշխատանքները կատարվում են մայիսից մինչև սեպտեմբերը ներառյալ ամիսներին, ծառերը և թփերն առնվազն 3 օրը մեկ անգամ ոռոգել, իսկ փոշու զգալի արտանետում առաջացնող շինարարության դեպքում՝ 7 օրը մեկ անգամ դրանք լվալ անձրևացման եղանակով,
է. շինարարական աշխատանքների ավարտից հետո զգուշությամբ հեռացնել շինարարական տեխնիկան, սարքավորումները, ցանկապատերը, պաստառները և այլ նյութերը՝ բացառելով ծառերի, թփերի և կանաչ տարածքների վնասումը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ որոշման 1-կետի 3)-րդ ենթակետի դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2021թ. փետրվարի 12
Երևան