«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։
Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ:
Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին:
Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Նիստերի օրերը որոշում է ավագանին:
Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Ավագանու նիստը հրավիրում և վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը: Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ…
Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։
Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Ավագանու արտահերթ նիստ գումարում է քաղաքապետը կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
Արտահերթ նիստ գումարելու կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից…
Ավագանին`
- ընդունում է իր կանոնակարգը,
- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին,
- որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ,
- որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ,
- քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ,
- oրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ),
- որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի, վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ,
- ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ,
- որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման, Երևանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրության, կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի, Երևանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ,
- վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ,
- որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքը (ներառյալ` հողի և իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցության) օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի վերաբերյալ, դրանց վարձավճարների և օտարման գների չափերի ու պայմանների, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գների, Երևանի գլխավոր հատակագծի նախագծի, Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևանի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի վերաբերյալ,
- քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ,
- քաղաքապետի կամ ավագանու որևէ խմբակցության նախաձեռնությամբ ավագանու անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե,
- որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ,
- ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ, սահմանում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը,
- որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների, Երևանում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի և գործունեության թույլտվությունների լրացուցիչ պայմանների, Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգի, Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ,
- սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները, քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաև այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեև իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն,
- որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ,
- քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ,
- իրականացնում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ՀՀ այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ