Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 նոյեմբերի 2024թ.  N 234-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 
Հ. 3/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԲԵՏՈՆԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՋԱՐԴԻՉ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝ 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման և ջարդիչ կայանի տեղադրման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ. 
1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի 120-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ բետոնի արտադրության գործարանը դասակարգվում է չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ շարքին: Նույն հրամանով հաստատված նորմերի 116-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ներգործության աղբյուրներ հանդիսացող արդյունաբերական, արտադրական օբյեկտների շենքերի և շինությունների համար՝ կախված հզորությունից, շահագործման պայմաններից, շրջակա միջավայր արտանետվող աղտոտիչների բնույթից և քանակից, առաջացող աղմուկից, թրթռումից և այլ վնասակար ֆիզիկական գործոններից, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումներից, ինչպես նաև հաշվի առնելով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու անհրաժեշտությունը, արդյունաբերական, արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգմանը համապատասխան, սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիների հետևյալ կողմնորոշիչ չափերը՝ (...) 4)  չորրորդ (IV) դասի արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ՝ 100 մ: Տվյալ նախատեսվող գործունեության դեպքում սանիտարապաշտպանական գոտու չափը չի պահպանվում, քանի որ մոտակա բնակելի շինությունը գտնվում է 93,7 մետր հեռավորության վրա: 
2.  Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                               ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ


2024թ. նոյեմբերի 19
      Երևան