Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ
Երևանը կօգտագործի արևի էներգիան: Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ: Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:
«Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Շենքերի ընտրության գործում առաջնորդվել ենք սահմանված չափորոշիչներով, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերն են ընդգրկվել: Հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նարինե Աբելյանը:
Ծրագրով նախատեսված է կրճատել ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը:
«Ծրագրի շնորհիվ ֆինանսական առումով կունենանք մինչև 50 տոկոս խնայողություն: Եթե այժմ բնակիչները վերելակի հոսանքի ծախսի համար վճարում են պայմանական 100 միավոր, հիմա՝ 50: Բայց այդ գումարում ներառված է նաև ներշենքային և արտաքին լուսավորությունը»,-նշում է ««Քաղաքապետերի դաշնագիր» ցուցադրական նախագծեր» ծրագրի աջակցող խմբի ազգային փորձագետ Անդրե Օհանյանը:
«Տեղադրված են հայկական արտադրության պանելներ՝ 360 Վտ հզորության: Մոդուլները արևային էներգիան փոխակերպում են էլեկտրականի, ստացվում է հաստատուն հոսանք, որը փոխարկիչի միջոցով դառնում է փոփոխական և միացվում ցանցին: Այն մաքուր և, ինչը կարևոր է, վերականգնվող էներգիա է»,- մանրամասնում է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի արևային կայանների մասով խորհրդատու Վահան Մադոյանը:
Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները, մի բան, որ վերջին տասնամյակներում երբևէ չի եղել: Հոսանքալարերն անցկացված են, լուսարձակները՝ տեղադրված, մնում է համակարգերը միացվեն:
«Տեղադրվել են նոր սերնդի լեդ լուսարձակներ, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ: Սա նշանակում է, որ անգամ մուտքի դուռը բացող բնակչի ձայնը բավական է, որ լուսարձակը միանա»,- ասում է լուսավորության մասնագետ, ինժեներ Արթուր Հովհաննիսյանը:
Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար: Ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն շենքերի բակերը:
«Նման ծրագիր մենք չենք ունեցել երբևէ: Այն կարող ենք հետագայում կրկնօրինակել այլ շենքերում ևս»,-ասում է Անդրե Օհանյանը:
Ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:
Ծրագիրն ունի նաև հետաքրքիր սոցիալական բաղադրիչ: Անապահով ընտանիքներին կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ՝ տան էներգասպառումը նվազեցնելու ու ընտանեկան բյուջեն խնայելու համար: Քաղաքի համար առաջին ու բացառիկ ծրագրի արդյունքները կզգացվեն արդեն աշնանը, երբ բոլոր շենքերում աշխատանքներն ավարտված և համակարգերը գործարկված կլինեն: