«Աշխարհն՝ առանց թափոնների». Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները

16.09.2021

Երևանի հանրակրթական 50 դպրոցներում մեկնարկել է «Աշխարհն` առանց թափոնների» ծրագիրը: Աշակերտներն ու ուսուցիչները կառանձնացնեն թուղթն ու պլաստիկը և կհանձնեն վերամշակման: Ծրագիրն իրականացվում է ըստ Երևանի քաղաքապետարանի, «Այ Էս Էս Դի» hամայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի։

 

«Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլ ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:


«Ծրագրով նախատեսված են նաև դասընթացներ: 6-րդ դասարանցիների համար, օրինակ, մշակվել է բնապահպանական աշխատանքային ձեռնարկ։ Ծրագրով նախատեսում ենք դպրոցներում կազմակերպել թափոնների կայուն կառավարմանն վերաբերյալ ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակի բարձրացման մի շարք միջոցառումներ»,- ընդգծում է ««Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ համահիմնադիր-նախագահ Մխիթար Ավետիսյանը:


Ծրագրի նպատակն է նաև բարելավել թափոնների կառավարման համակարգերը՝ աջակցելով տեղական նախաձեռնություններին, որոնց գործունեության առանցքը թափոնները հավաքելն ու վերամշակելը գործնականում կիրառելն է և համապատասխան ավանդույթի ձևավորումը:


«Կարևորելով թափոնների կառավարումը շրջանաձև տնտեսության շրջանակում՝ մենք, արդյունաբերական ոլորտի մյուս ներկայացուցիչների հետ ցանկանում ենք ստեղծել այնպիսի համակարգ, որում յուրաքանչյուր շիշ կարող է վերամշակվել մի քանի անգամ: Այդ առումով մեր պարտքն ենք համարում այս կարևոր ծրագրով բարձրացնել մեր հասարակության իրազեկվածությունը»,-ասում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիայի» հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարկարյանը:

 

Դպրոցներում արդեն տեղադրվել է տեսակավորման ավելի քան 200 թափոնաման: Կազմակերպիչները վստահ են՝ կրթական այս ծրագիրը ոչ միայն կնպաստի Երևանում թափոնների տեսակավորման գործելակերպի ձևավորմանը, այլև լավ օրինակ կդառնա մյուս համայնքների համար:


«Երևանի քաղաքապետարանն արդեն 2-րդ տարին է՝ ակտիվորեն շարունակում է աշխատանքը թափոնների տեսակավորման բնագավառում: Քաղաքում տեղադրված են բազմաթիվ թափոնամաններ՝ թղթի, պլաստիկի և ապակու համար: Այս նախագիծը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ մեր համաքաղաքացիների իրազեկվածության բարձրացման համար»,-նկատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանը:


Երևանի «Վարդանանց ասպետներ» հ.106 հիմնական դպրոցում աղբի տեսակավորմամբ արդեն զբաղվում են շուրջ 10 տարի: Ասում են՝ դպրոցի մի շարք կարիքներ հենց թղթի թափոնների վաճառքով են լուծել:
«Հավաքված թղթի թափոնի վաճառքի շնորհիվ վերանորոգվել են դասասենյակներ, փոխվել են դռներ և պատուհաններ»,-նշում է դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանը:
«Աշխարհն՝ առանց թափոնների» բնապահպանական կարևոր նախաձեռնությունն աշակերտների շրջանում ավելի հետաքրքիր դարձնելու համար տարեվերջին ամենից շատ թափոններ հավաքած դպրոցը կամ դպրոցները կխրախուսվեն ու կպարգևատրվեն:

Լուսանկարներ

Տեսնել ավելին