Միջազգային խորհրդատուն ներկայացրել է մայրաքաղաքի ուղևորատրանսպորտի հետազոտությունների արդյունքները

04.04.2014

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հանձնաժողովի մինչ օրս կատարած աշխատանքները, նշել է, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով դեկտեմբեր ամսվա ընթացքում միջազգային խորհրդատուի կողմից կատարվել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն իսկ պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից:
Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն, մանրամասնորեն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա և տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքերում ներգրավվել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են շահագործվող բոլոր 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ, նշվել է, որ, մեկ տարվա միջինացված կտրվածքով, մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որը քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում, Սերժի Տիոն նշել է, որ, համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները, ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի՝ գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների՝ 196.2 և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների՝ 252.3 ՀՀ դրամ:
Նշվել է նաև, որ զուգահեռ կատարվել է տրանսպորտային ոլորտում տրամադրվող ծառայությունների վերաբերյալ հարցումների ձևով հետազոտություններ նաև տնային տնտեսություններում:
«Երևանի բնակիչները կարևորում են որակյալ և հարմարվետ տրասնպորտ ունենալը: Այդ է պատճառը, որ ուսումնասիրությունների ընթացքում նշվել են հենց նմանատիպ չափանիշներ»,-նշել է Սերժի Տիոն:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելուց հետո հանձնաժողովի անդամներն իրենց հուզող հարցերն են ուղղել, ինչպես նաև ներկայացրել են իրենց մոտեցումները: Հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել խորհրդատուին՝ կատարած աշխատանքի համար ու նաև հավելել է, որ, այդուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորին նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը. «Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Անշուշտ, շնորհակալ ենք միջազգային խորհրդատուին՝ իսկապես կարևոր և ծավալուն աշխատանք կատարելու համար, բայցև պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորին նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Հանձնաժողովի նախագահը հատկանշել է, որ արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են 15-օրյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկները՝ ծախսերի օպտիմալացման, չափորոշիչների վերանայման և հասարակության խոցելի խմբերի համար նախատեսվող արտոնությունների մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութ

Միջազգային խորհրդատուն ներկայացրել է մայրաքաղաքի ուղևորատրանսպորտի հետազոտությունների արդյունքները