Երևանի մետրոպոլիտենի պատմությունը
Երևանի խորհրդանիշներից մեկը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը, 43 տարեկան է։
1966-1970թթ. մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ խնդիրներից էր մարդատար տրանսպորտի բնագավառի շուտափույթ կարգավորումը, ինչը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աննախադեպ աճով:
1962-1964թթ. մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենով բնակչության սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
1971թ. ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977թ. նաև համաձայնություն, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության:
Նախ սկսեցին աշխատել նախագծողները, ապա՝ շինարարները:
1981թ. մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան՝ «Բարեկամություն» (ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան), «Մարշալ Բաղրամյան» (ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտղցյան, Ալբերտ Զուրաբյան), «Երիտասարդական» (ճարտարապետներ՝ Ստեփան Քյուրքչյան, պատի խորաքանդակ՝ Ռուզաննա Քյուրքչյան), «Հանրապետության հրապարակ» (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան), «Սասունցի Դավիթ» (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), իսկ հետագայում՝ 1983թ. շահագործման հանձնվեցին «Գործարանային» (ճարտարապետ՝ Հենրիկ Ղուկասյան), 1984թ. ` «Շենգավիթ» (ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան), 1986թ.՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ» (ճարտարապետ՝ Լևոն Գևորգյան), 1989թ.՝ «Զորավար Անդրանիկ» (ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան) և 1997թ.՝ «Չարբախ» (ճարտարապետ` Վալտեր Մնացականյան) կայարանները։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» ներկայումս ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ (մեկ ուղղությամբ), 10 կայարան, շահագործվող վագոնների թիվը 34 է, ինչն էլ կազմում է նախատեսված հավաքակազմի 75,5 %-ը։
Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 20 մլն. ուղևոր:
Թվային ցուցանիշներով Երևանի մետրոպոլիտենից 2022թ․ օգտվել է 23 մլն․ 317 հազար 633, 2023թ․` 25մլն․ 587 հազար 969 ուղևոր։
«Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը»
2010թ. 15 մլն եվրո գումարով (ՎԶԵԲ-ը և ԵՆԲ-ն հատկացրել էին 5-ական միլիոն եվրո պետական վարկ, իսկ Եվրամիության հարևանության ներդրումային գործիքը (ԵՄ ՀՆԳ)՝ 5 միլիոն եվրո դրամաշնորհ) մեկնարկել էր «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի» փուլ I-ը, որի շնորհիվ էապես արդիականացվել են մետրոպոլիտենի անվտանգության համակարգը, կայունացել էներգահամակարգերն ու մեծացել արդյունավետությունը:
Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը
I փուլ
Ծրագրի փուլ I-ում փոխարինվել են մետրոպոլիտենի 30 գլխամասային վագոնների ամբողջովին մաշված անվասայլակները՝ 60 հատ, գնվել է տեխնիկական գնացք, մոնտաժվել է 34,6 կմ. նոր մալուխ, ամբողջովին վերականգնվել են մետրոպոլիտենի պոմպակայանները (փոխարինվել են 76 պոմպ՝ հարակից սարք-սարքավորումների հետ միասին), փոխարինվել են մաշված ուղեգծի տարրերի կարևոր որոշ բաղադրիչներ:
Միևնույն ժամանակ խնայողությունների հաշվին հնարավոր է եղել վերանորոգել և արդիականացնել մետրոպոլիտենի գլխամասային 8 վագոն:
Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
II փուլ
2012թ. 15 մլն. եվրո գումարով (ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն հատկացրել էին 5-ական միլիոն եվրո պետական վարկ, իսկ Եվրամիության հարևանության ներդրումային գործիքը (ԵՄ ՀՆԳ)՝ 5 միլիոն եվրո դրամաշնորհ) մեկնարկել էր Ծրագրի փուլ II-ը։
Փուլ II-ում վերանորոգվել և արդիականացվել է մետրոպոլիտենի գլխամասային 12 վագոն, հիմնվել է մեքենավարների ուսուցման կենտրոնը, ձեռք են բերվել հակահրդեհային տարատեսակ բազմաթիվ սարքավորումներ, գնվել և մոնտաժվել է վագոնների լվացման կայան:
Փուլ II-ի հիմնական և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոպոլիտենի վազորդային թունելներում վերականգնողական աշխատանքները»։
2015թ. ապրիլի 27-ին Երևանի մետրոպոլիտենի և «Ագազոս» ՍԼ-ի միջև կնքվել է 10 252 300,4 /առանց ԱԱՀ-ի/ (12 302 760,4 /ԱԱՀ-ով/) արժողությամբ պայմանագիր՝ Ցամաքուրդային (դրենաժային) թունելի աշխատանքներ կատարելու համար։ Ըստ պայամանգրի՝ Կապալառու «Ագազոս» ՍԼ-ն պետք է կատարեր հետևյալ աշխատանքները.
տեղամաս Ա՝ Մետրոպոլիտենի ցամաքուրդային թունելի երկարացում 930 մետրով՝ դա հասցնելով «Հանրապետության հրապարակ» կայարանի պոմպակայանի հարակից տարածք։
Տեղամաս Բ՝ Մետրոպոլիտենի վազորդային թունելների ամրակապի ետևում գտնվող դատարկությունների լցոնում, հակակոռոզիոն աշխատանքներ և ցամաքուրդային միջոցառումներ։
Ըստ պայմանագրի՝ վերը նշված աշխատանքները պետք է ավարտվեին 2017թ. օգոստոսի 19-ին, սակայն նշված օրվա դրությամբ չավարտելու հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար «Ագազոսը» վճարում է տույժ-տուգանք (պայմանագրային գումարի 10%-ի չափով) ՝ հօգուտ Մետրոպոլիտենի։
Միաժամանակ տեղեկացնենք, որ ցամաքուրդային թունելի ուշ հորատանցման պատճառներից են եղել իսպանական կապալառու կազմակերպության դանդաղ աշխատանքները, աշխատանքների դադարեցումը «Ֆիրդուսի» կոչվող թաղամասի բնակիչների բողոքների պատճառով՝ պայթեցման հետևանքով առաջացած ցնցումների առնչությամբ՝ երկու տարուց ավելի ժամանակով, «Covid-19» համավարակը, մատակարարման խնդիրները և այլն։
Ընդգծենք նաև, որ հորատանցման աշխատանքներն ավարտվել են 2021թ․ դեկտեմբերին (ընդհանուր առմամբ հորատանցվել է շուրջ 930 մետր)։ Մետրոպոլիտենի թունելներում կատարվել են մոտ 10 000 քառակուսի մետր հակակոռոզիոն աշխատանքներ, թունելի երեսարկի դատարկությունների լցոնում, սակայն դեռևս պետք է իրականացվեն ցամաքուրդային որոշակի միջոցառումներ։
Վերոնշյալ բաղադրիչն ակնկալվում է ավարտել 2024թ․ ամռանը։
Ցամաքուրդային թունելի երկարացումը մետրոպոլիտենին հնարավորություն է տվել գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարևոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա տարրերի, սարք-սարքավորումների ծառայության և պիտանելիության ժամկետները, հետևաբար, տարեկան կտրվածքով նաև խնայել զգալի գումարներ։
Ծրագիրն ամբողջական կատարման ընթացքում հնարավոր եղավ հասնել զգալի խնայողությունների՝ ներհոսող ջրի արտամղման համար էլեկտրաէներգիայի և արտամղված ջրի դիմաց ծախսերի նվազեցման հաշվին, ինչպես նաև մեծ չափով պակասել են նաև պոմպակայանների տեխսպասարկման նպատակով ծախսվող գումարները։
Ցամաքուրդային թունել կառուցելու շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը տարեկան խնայում է մոտ 200 մլն․ ՀՀ դրամ։
Ծրագրի իրագործման շնորհիվ խնայված միջոցների հաշվին Երևանի մետրոպոլիտենը նախատեսում է ձեռք բերել իր ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից կարևոր լրացուցիչ բաղադրիչներ՝ աշխատանքներ և ապրանքներ․ դեպոյի տանիքի և դռների վերանորոգում, շարժասանդուղքների փոխարինում, մարտկոցների և լիցքավորիչների գնում։
***
2022-2023թթ. լուծվել են ստացել հետևալ խնդիրները (ներառված չեն եղել վերը նշված ծրագրում)
- «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են և պատրաստ են փորձաքննության մեկնարկին,
- «Հանրապետության Հրապարակ» կայարանի 3 շարժասանդուղքների աստիճանների, քարշի շղթաների ձեռքբերում և փոխարինում,
- Շարժասանդուղքի երկու նոր շարժիչների ձեռք բերում,
- Մետրոպոլիտենի թունելների օդափոխման հզոր համակարգի փոխարինում` 14 հզոր օդափոխիչներ,
- Վագոնների վերանորոգում՝ 12 վագոն,
- Վագոնային հավաքակազմի հիմնանորոգու՝մ 2 գլխամասային վագոն, 24 անվազույգ,
- Վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների շրջանակների փոխարինում նոր և ժամանակակիցներով,
- Սլաքային փոխադրիչների և ավտոկանգների հիմնանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում,
- Նոր գծաչափիչ սայլակի ձեռքբերում,
-Գծային տնտեսության առողջացում՝ փայտակոճերի փոխարինմամբ և բետոնավորմամբ՝ 804 մ,
- Գծի բաց հատվածի լուսավորության արդիականացում,
- Թունելային բարձրավոլտ մեծ և փոքր արկղերի փոխարինում նորերով՝ 210 հատ,
- Կապի և ազդանշանման համակարգերի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում,
- Թունելային հատվածում ամբողջովին քայքայված բարձրավոլտ մալուխային համակարգի նորացում՝ 1100մ,
- Մալուխային կանգնակների և դարակների ձեռքբերում՝ 10 000 լրակազմ,
- Թունելներում շուրջօրյա գործող ջրահեռացման համակարգի արդիականացում,
- Գծային տնտեսության առողջացում․ գնացքի ռելսերի ձեռքբերում՝ 8 600մ, փայտակոճերի փոխարինում նորերով՝ 3 000 հատ,
- Էլհավաքակայանի տանիքի հիմնանորոգում՝ 5800 մ2, հեռակառավարող դարպասների տեղադրում՝ 11 հատ, պատուհանների փոխարինում՝ 712,3 մ2
Առաջիկա տարիներին մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների ծավալի պահպանման և աճ ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի հիմնախնդիրներ լուծել։ Գործող գծի ընդլայնումը նոր կայարաններով էլ ավելի կավելացնի ուղևորահոսքը և կմեծացնի մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում:
Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ»
Խորհրդային Միության տարիներին մշակված ու տասնամյակներ ի վեր թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ:
Նոր կայարանի նախագծումն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։
Ըստ նախատեսվածի՝ նախագծի նախագծանախահաշվային աշխատանքները ավարտվել են։ Ծրագիրը վերջնական տեսքի բերելուց հետո այն պատրաստ կլինի ներկայացնելու փորձագիտական քննության, ինչն էլ հնարավորություն կտա շինարարության մրցույթ հայտարարելու։ «Բարեկամությունից» Աջափնյակ՝ դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի հորատանցված երկու վազորդային թունելներով, որոնք ապահովելու են ելքը դեպի կիրճի հարթակ։ Հենց այդտեղից էլ նախատեսվում է կառուցել մոտ 152 մետր երկարությամբ մետրոկամուրջը։
Արագ, անվտանգ, անխափան ու բնապահպանապես մաքուր այս փոխադրամիջոցը չորս տասնամյակ անց մտնում է զարգացման նոր փուլ։